Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրա մեջ էլ, — ցույց էր տալիս մի փոքրիկ արծաթե տուփ, — էլի ս.Գևորգի մասունքն ա։ Դե հմի մեկ-մեկ համբուրիր և ուխտդ արա՛: Թող էս սրբերը բարեխոս ըլին։ Աստված էլ լսող ու կատարող:

Կամսարյանը լսեց վարդապետի՝ բացատրությունները և մեքենաբար խոնարհելով համբուրեց մասունքները, առանց ներսում զգալու հավատո կամ ջերմեռանդության որևէ հուզում։ Միայն ափսեի մեջ դրված դրամներից գուշակելով որ այդ արարողության պիտի հաջորդե նաև դրամական տուրք, ծոցից հանեց քսակը և մի կարմիր տասնոց դրավ ափսեի մեջ։

Լուսարարը, որ երևի վաղուց էր ինչ չէր տեսել այդպիսի առատ նվեր, օրհնեց երիտասարդին սրտաբուխ խոսքերով և ապա մի զգացված «պահպանիչ» էլ ասելով՝ ճանապարհ դրավ նրան դեպի միջանցքը։

Եվ որովհետև հենց թանգարանի դիմաց, ընդհանուր միջանցքի վրա բացվում էր մի դուռ, որ հանում էր դեպի Աստվածածնի եկեղեցին, ուստի վարդապետը առաջարկեց Պետրոսին անցնել այդ դռնով, եթե կամենում էր «տաճարը» տեսնել։ Իսկ ինքը յուր «ծառայությունը» կատարած համարելով, դարձավ նորեն դեպի թանգարանը, ցուցահանած մասունքներն ու ստացած նվերը իրենց տեղը ամփոփելու։

Ճաշու ժամն ավարտած, ժամերգուները դուրս էին գալիս, երբ երիտասարդը մութ միջանցքից ելնելով, մտավ եկեղեցու փայտաշեն գավիթը, իսկ այնտեղից եկեղեցին, ուր ի միջի այլոց, նա հանդիպեց նորեն երիտասարդ աբեղաներին։ Վերջիններս դարձյալ մոտեցան նրան, հարցուփորձ արին տեսածների մասին և ապա սկսան բացատրություններ տալ նկատմամբ ս.Աստվածածնի եկեղեցու, որ, չնայելով յուր հազարամյա հնության, տակավին շեն էր և ամրակուո։ Գալով բարեզարդության՝ սա էլ աչքի ընկնող ոչինչ չուներ յուր մեջ — զարդերն ու սպասները աղքատ էին, պատկերները՝ գռեհիկ և անարվեստ։