Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միակ արժանիք ունեցողը՝ սեղանը աոաջ դրված Կոթա սուրբ Նշանն էր, որ հայտնի էր յուր բազմադարյան հնությամբ։ Դա պարզ երկաթից շինված մի խաչ էր, կես կանգուն երկարությամբ և թևերին ուներ մի — մի հատ ոչ մեծագին քարեր։ Աբեղաները բացատրեցին, որ այդ խաչը, ըստ ավանդության, պահում է յուր մեջ մի կտորը այն երկաթե տաշտի, որի մեջ կույս Մարիամն լողացնում է եղել մանուկ Հիսուսին և թե դա համարվում է Սևանա անապատի ամենամեծ սրբությունը։ Ապա երիտասարդ աբեղան Կամսարյանի ուշադրությունը հրավիրեց ս.Աստվածածնի մի փոքրիկ պատկերի վրա, որ կախված էր սեղանի աջ կողմը և որը, չնայելով յուր ծխից ու հնությունից սևացած լինելուն, երևում էր շնորհալի վրձինի արտադրություն։

— Սա այն պատկերն է,— ասաց աբեղան,— որի առաջ Մխիթար Սեբաստացին, Վենետիկյան միաբանության հիմնադիրը, աղոթում է եղել, երբ կույր աչքերով գտնվում է եղել Սևանում և որի աոաջ նա յուր հայտնի ուխտն է արել... Շատ ժամանակ չէ, ինչ դիպվածով գտել են այս ս․Աոաքելոց եկեղեցու խորշերից մինում, անխնամ ընկած ու փոշոտված...

Երիտասարղը սկսավ ուշադրությամբ դիտել պատկերը։

— Ի՞նչ մտքեր է սա զարթեցնում ձեր մեջ,— հարցրեց աբեղան, կարծես շտապելով մի նոր բան ասելու, քանի դեռ ոչ ոք չէր խանգարում իրենց։

— Մտածում եմ թե, եթե այսպիսի մի սիրուն գործ, որ դարերից ի վեր գտնվելով Սևանում, հոգածու խնամքի արժանանալու փոխարեն, ընկած է եղել անհայտ խորշերում և երևան է եկել միայն դիպվածով, ի՞նչ թանկագին հնություններ, ուրեմն, չէին կարող անհետանալ այստեղ հոգատար սրտի և խնամող ձեռքերի պակասությունից։

— Այդ էլ պատճաշ մտածություն է, բայց ես կարծում էի, թե այս պատկերը մի ուրիշ միտք կծնեցներ ձեր մեջ։

— Այսինքն, ի՞նչ։

— Այն թե՝ շուտով կլարանա երկու հարյուր տարին այն օրից, ինչ այս պատկերի առաջ աղոթողը Սևանից հեռացավ, հիմնեց օտար երկրում միաբանական մի ուխտ։