Էջ:Muratsan, vol. 6.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձեզ հայտնի է, թե ինչ ծառայություն արին այդ ուխտի անդամները հայ գրականությանը: Մի կողմը թողնենք նրանց` ազգի մեջ կաթոլիկություն տարածելու և պատմական գրքերում հայ եկեղեցուն ու եկեղեցականներին վերաբերյալ փաստերը հեղաշրջելու տխուր ջանքն ու ձգտումը։ Ամեն լույս ունի յուր ստվերը, ամեն մաքրություն` յուր բիձը։ Բայց անհերքելի այն, որ Մխիթարյան միաբանությունը գնահատելի գործ կատարեց` հնության և անհայտության փոշիներից դուրս հանելով հայ լեզվի թանկագին արտադրությունները, նրա ոսկեղինիկ մատենագրությունը և նրա ընդհանրացնելովը սիրելի դարձրեց մեզ մեր նախնյաց լեզուն ու անցյալը, ընդ նմին սովորեցնելով մեզ, ապրել և ոգևորվիլ նրանցով... Սա, արդարև, մեծ գործ էր, արժանի հարգանքի և երախտագիտության։ Այսպիսի մտածության, բնականաբար, հաջորդում է մի ուրիշը. միթե Սևանը ևս չէր կարող դառնալ մի ս.Ղազարու կղզի։ Միթե Սևանը չէր կարող արտադրել մի նոր Մխիթարյան ուխտ։ Սա, իհարկե, չէր ունենալ ս.Ղազարի առավելությունները, որովհետև չէր գտնվում Եվրոպայի սրտում, զարգացած ու բարեկիրթ ազգերի մեջ։ Բայց մենք էլ Սևանից չէինք պահանջիլ այն, ինչ որ տվավ Վենետիկը, այլ գոնե նրա կեսը, թեկուզ կեսի կեսը։ Սևանը մի կողմից էլ այն առավելությունը կունենար, որ տվածը կլիներ անխառն, հարազատ... ճշմարիտ է, այն ժամանակ, երբ ս. Ղազարի հայրերը իրենց խուցերում խաղաղ նստած, հանգիստ աշխատում էին, ոչ հարձակման սպասելով, ոչ կողոպտվելուց վախենալով, Սևանը գտնվում էր բարբարոս խաների դժոխային լուծի տակ, միշտ ահի ու սարսափի մեջ, սեփականության իրավունքից զուրկ և կեղեքիչների քմահաճության ենթակա, բայց չէ որ, ահա, յոթանասուն տարի է, ինչ ռուսաց տիրապետության շնորհիվ այս երկիրը խաղաղել, արհավիրքները վերացել են և այս վանքի միաբանությունը ստացել է հանգիստ ու ապահով վիճակ։ Արդ, միթե չէր կարելի այս յոթանասուն տարվա ընթացքում ստեղծել այստեղ մի գործ, որ յուր արժանիքով հավասար լիներ Վենետիկցիների գեթ հիսունամյա գործունեության։