Էջ:Muratsan, vol. 6.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԹԵՆԻ.— Անշուշտ, որդյակս, լավագույն է, որ մարդ ինքը միայն մեռնի, քան յուր պատճառով հազարավորներ։

ՌՈՒԶԱՆ.— (փարվելով Թենիին) Օհ, շնորհակալ եմ, մայր Թենի. ուրեմն դու ինձ կօգնես այս սուրբ գործի մեջ, այնպես չէ՞։
ԹԵՆԻ.— Կօգնե՞մ... ինչո՛՛վ, աղջի՛կս։
ՌՈՒԶԱՆ.— Ցույց կտաս ինձ մի փախստյան ճանապարհ...
ԹԵՆԻ— (ինքն իրեն) Անշուշտ աստված է կամենում, որ այս աղջիկը զոհվի։ (Ռուզանին) Փախստյան ճանապա՞րհ... ի՞նչ ես խոսում, զավակս, մի՞թե կարող եմ։
ՌՈՒԶԱՆ.— Աղաչում եմ Թենի, ի սեր աստծո, ի սեր այն խաչին, որի վրա Փրկիչը բարձրացավ. խոսի՛ր, ցույց տուր ինձ մի ելք. դու ավելի տեղյակ ես ամրոցի անցքերին. իմ սիրտը հուզված, ուղեղը շփոթված է. ես ոչ մի ելք չգիտեմ...
ԹԵՆԻ.— Աղջիկս, դու ինձ երդվեցրիր զարհուրելի երդումով, պիտի կատարեմ խնդիրդ...
ՌՈՒԶԱՆ.— Պիտի կատարե'ս. բարի. ուրեմն խոսի՛ր, ասա՛, ո՞րտեղից կարող եմ ես ելնել։
ԹԵՆԻ.— Այս մատուռի ավանդատունը ունի մի պատուհան, որ հանում է դեպի կաղնիների անտառը։ Իսկ այդտեղից մի կածան իջնում է ուղղակի թշնամու բանակը...
ՌՈՒԶԱՆ.— (ուրախացած) Ա՜հ, հիշում եմ, իրավ որ այդտեղ կա մի ցածուն պատուհան։ Շնորհակալ եմ, մայր Թենի, անհուն շնորհակալ։ Դու ուրեմն ճանապարհը բացիր ինձ համար և իմ հոր ժողովուրդն ազատված է քո շնորհիվ... Օրհնյալ է աստված, որ ողորմեց մեզ յուր անհուն ողորմությամբ։ Բայց քեզնից, մայր Թենի, ունեմ դարձյալ մի խնդիր։
ԹԵՆԻ.— Դարձյալ մի խնդի՞ր։
ՌՈՒԶԱՆ.— Ամենավերջինը...
ԹԵՆԻ.— Ի՞նչ, սիրելի՛ս...
ՌՈՒԶԱՆ— Տուր ինձ քո ա՛յն մատանին, որի մեջ ասում էիր, թե թույն կա պահված։