Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹԵՆԻ․— (նայելով մատի վրա մատանուն) Այս մատանի՞ն, բայց ինչո՞ւ է պետք։

ՌՈՒԶԱՆ․— Տո՛ւր ինձ, աղաչում եմ, դա կարող է ինձ փրկել։
ԹԵՆԻ․— Փրկե՞լ, ինչի՞ց։
ՌՈՒԶԱՆ․— Դժոխքից, գեհենի կրակներից։
ԹԵՆԻ․— Չեմ հասկանում խոսքերդ։
ՌՈՒԶԱՆ․— Օ', շո՛ւտ, ժամանակն անցնում է։
ԹԵՆԻ․— (անզգայաբար հանելով մատանին և տալով Ռուզանին) Ահա՛, բայց ասա’, ինչի՞ համար ես ստանում այն։
ՌՈՒԶԱՆ․— (արագ քրքրելով մատանու պսակը) Ասում էիր, որ այստեղ, այս գոհարի տակն է պահված, այնպես չէ՞։
ԹԵՆԻ․— Այո այդտեղ կա զորեղ մահաթույն, բայց ինչո՞ւդ է պետք այն։
ՌՈՒԶԱՆ․— (պահելով մատանին) Ա՜հ, շնորհակալ եմ քեզանից, մայր Թենի։ Երբ իմ զոհաբերության գնով փրկված կլինի այս երկիրը, ա՛յն ժամանակ ես կօգտվիմ քո այս նվերից՝ անհավատ գազանին չմատնվելու համար․․․ այժմ մնաս բարով։ (Շտապով մտնում է մատուռը և դուռը ետ դնում):
ԹԵՆԻ․— Բայց դու.. իշխանուհի..․


ՏԵՍԻԼ Ե
Թենի (Միայնակ)


Չլսեց, աստված իմ... (Շվարած): Ի՜նչ արի ես, արդյոք չսխալվեցա՞, արդյոք նա չշփոթեցրե՞ց ինձ... Մի՞թե ցույց պիտի տայի ճանապարհը․․․ բայց Պապաքն ասաց, թե մեր բոլորի փրկությունը կախված է նրա զոհաբերությունից։ Այո՛, այդպես է. բայց մատանի՜ն․ մի՞թե պետք է տայի նրան։ Արդյոք դրանով մի ոճիր չգործեցի... (Մտածում է) Կարծեմ՝ ոչ. ընդհակառակն․․․ եթե Ռուզանը զոհում է իրեն՝ մեզ ազատելու համար, ապա ես էլ ազատում եմ նրա արդար հոգին։ Թող ուրեմն իմ խիղճը չտանջե ինձ իզուր...


Վարագույր