Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Բ
Շանույշ և Ռուզան


Ռուզանը երևում է զառիվայրի բարձրում, որտեղից նա ժայռերն ու թուփերը բռնելով իջնում է դեպի վայր, հերարձակ, շտապ քայլերով և երկյուղագին այս ու այն կողմը նայելով. բեմը դատարկ է:
ՇԱՆՈՒՅՇ.— (վերադառնալով) Ոչ մի տեղ չէ երևում։ Այս կողմը (ցույց է տալիս եկած կողմը) քարաժայռնրն են և նրանց ներքևը՝ սարսափելի անդունդ. ոչ ոք այդտեղից անցնել չի կարող։ Իսկ այստեղից (ցույց է տալիս հակառակ կողմը) սկսում է մեծ հովիտը, որի վրա բանակած է թշնամին։ Եթե մի քայլ այն կողմն անցնեմ, նրա դժոխային գունդերը կերևան։ Ինձ մնում է եկածս ճանապարհով կրկին վերադառնալ (պատահմամբ նայում է բարձր և տեսնում է (Ռուզանին): Ահա նա... ահա՜... Ո՞հ, աստված իմ, շնորհակալ եմ քեզանից... տե՛ս ինչպե՞ս աներկյուղ դիմում է նա դեպի յուր դահիճը։ Ծածկվիմ այստեղ, մինչև նա կիջնե։ (Քաշվում է մացառի ետևը): Ո՛հ, աստված իմ, խնայիր նրան, ուժ տուր իմ բազուկներին՝ զորով դարձնել նրան յուր ծնողների գիրկը։
ՌՈՒԶԱՆ.— (իջնելով դեպի բեմը և մի քանի քայլ մնացած՝ կանգ առնելով զառիվայրի վրա) Ինձ չէին կամենում թողնել, ինձ արգելում էին. իմ պատճառով ուզում էին Ժողովուրդը զոհել և սգո մեջ թողնել բյուրավոր ընտանիքներ։ Ո՛չ. այդ բոլորի փոխարեն նշանակված զոհը ես եմ և ես միայն կզոհվիմ։ Մի քանի վայրկյան ևս, և ես կհասնեմ թշնամուն, իմ ձեռքը կտամ բռնավորին և սրա փոխարեն կստանամ իմ հոր և յուր ժողովրդյան ազատությունը․․․