«Առաքյալ»-ի մեջ։ Ինչո՞ւ Լեոն չէ խոսում դրանց մասին, ինչպես և բազմաթիվ պատմական ու առօրյա կյանքից առած վեպերի ու վիպակների, որոնց թիվը հասնում է երեսունի։
Չի խոսիլ, այո՛, որովհետև դրանց մեջ չէ գտնում պատճառ ինձ լավապես հայհոյելու։ Իսկ Լեոն գիտե, որ երբ չէ հայհոյում, յուր գրվածքը արդեն զրկվում է աղից։ Հիշելով իմ «Անդրեաս երեց» պատմական վեպը ասում է.
«Տեր Անդրեասը պատմական անձնավորություն է։ Առաքել պատմագիրը պատմում է, որ նա ուսուցիչ էր Ագուլիսում և Շահաբասը տեղական թուրքերի մատնությամբ նահատակել տվեց նրան: Մուրացանը միևնույն դեպքն է պատմում։ Բայց հայ քահանային պարսից շահի ձեռքը մատնողներր թուրքերը չեն նրա համար, ինչպես վկայում է ժամանակակից պատմիչը, այլ կաթոլիկ հայերը, Նախիջևանի ունիթորները։ Նույնիսկ պատմությունը կեղծել, այս բանից էլ չի քաշվել Մուրացանը»:
Ստախոսությունն ու զրպարտությունը սրանից դենը անցնել չէ կարող։
Նախ' Լեոն, որ ինձ է «պատմությունը կեղծող» անվանում, այդ (թեպետ վիպասանը իրավունք ունի վեպի մեջ որոշ չափով այդ անելու, օգտվելով քերթողական ազատությունից, որի մասին մի անգամ ընդարձակ դաս եմ խոսել Լեոյին «Մուրճում», բայց որը նա իբրև բթամիտ աշակերտ մոռացել է) հենց ինքն է այստեղ պատմությունը խեղաթյուրում։ Առաքել պատմագիրը չէ ասում թե տեղական թուրքերն են տեր-Անդրեասին մատնել շահի ձեռքը, այլ թե նա ինքն է մատնել իրեն, կամենալով ազատել ժողովուրդը։ Երբ Շահաբասը մտնելով Ագուլիս, տեսնում է իրեն դիմավորող բազմության մեջ տեր-Անդրեասի աշակերտների գլուխները զերծած (այդպես էին արել ծնողները, որպեսզի տղաները տգեղ երևալով, շահից չհափշտակվեն), նա զայրացած հարցուփորձ է անում, թե` ո՞վ է արել այդ։ Ծնողները ուրանում են իրենց մասնակցությունն այդ գործի մեջ։ Իսկ տեր-Անդրեասը տեսնելով, որ բազմաթիվ մարդիկ պիտի զոհվեն, եթե գործի իսկությունը բացվի, որոշում է զոհել իրեն ժողովրդին, և շահի մարդկանց