Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ իր վրա է առնում հանցանքը և ապա նույնը կրկնում շահի ատյանում։

Այս ձևով էլ ես առաջ եմ բերել իմ վեպի մեջ, ճոխացնելով այն վիպական մանրամասնություններով։

Բայց Լեոն յուր միջից է հնարում այն, թե իբր ես ցույց եմ տվել որ տեր֊Անդրեասին մատնողները եղել են կաթոլիկ հայերը։ Պնդում եմ, որ այդ սուտ է, անխիղճ հերյուրանք է։ «Անդրեաս երեցը» տպված է «Լումա» հանդեսի 1897 և 1898 թվի գրքերում։ Հետաքրքրվողը կարող է կարդալ։ Այդտեղ ոչ միայն հայ կաթոլիկները չեն ունեցել մասնակցություն տեր- Անդրեասին մատնելու գործում, այլև նրանց կարգապետ Մատթեոս Երազմոսը և պապի նվիրակ Մարիա Չիտտադինին միջնորդելով շահի առաջ` ներումն են ձեռք բերում տեր-Անդրեասի համար, այն վայրկենին, երբ նա կանգնած է լինում կախաղանի տակ։ Միայն թե տեր֊Անդրեասը չկամենալով ազատված հռչակվել ունիթորների շնորհիվ, պատռում է ներման թուղթը և այնպես նահատակվում։

Առաջ բերված այս փաստերով արդեն ընթերցողը կտրող է Լեոյի՝ իմ և իմ երկերի նկատմամբ արած քննադատության արժեքը չափել։

Ինչ վերաբերում է նրա հոդվածի մնացյալ կետերին, որոնք նույն հոգվով ու ուղղությամբ գրված լուտանքներ են, թողնում եմ անուշադիր։ Վասն զի իմ երկերը, որոնք մինչև այժմ ցիրուցան էին պարբերական թերթերում, այս տարվա առաջին կիսից սկսած, հետզհետե պիտի լույս տեսնեն առանձին հատորներով։ Ցանկացողներն, հարկավ, կկարդան և ըստ այնմ իրանց դատաստանը կանեն։

Մուրացան

«ՌՈԻԶԱՆԸ» ԵՎ ՆՐԱ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ


Համեստության ու պատշաճի տեսակետից դատելով՝ լավ է, որ սեփական երկի մասին երբեք չխոսե հեղինակը, որովհետև որքան էլ անկեղծ լինի նա, դարձյալ կգտնվին մարդիկ, որոնք նրա խոսքին կհակադրեն հայտնի առածը թե՝ «Ոչ ոք յուր թանին թթու չի ասում»։