Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց և համեստության այդ պահանջին հնարավոր է, կարծում եմ, պատկառ մնալ այնպիսի երկրում, ուր նախ՝ կան ճշմարիտ քննադատներ, այսինքն՝ մարդիկ, որոնք պատրաստություն և կոչումն ունին գրական երկերի անաչառ քննիչն ու դատավորը լինելու, և երկրորդ՝ ընթերցողների մեծ մասը զարգացած է այնքան, որ կարող է յուր կարդացածի մասին գաղափար կազմել՝ ազատորեն կարդալով անձամբ հեղինակի գրվածքը և ոչ թե կուրորեն ենթարկվել առաջին պատահած տգետ, անբարեխիղճ գրողի կարծիքներին, եթե ի դեպ դրանք արտահայտվեն կրքով, որոշ դիտումներով։

Մեր մեջ, դժբախտաբար, հազվագյուտ են քննադատներ բառի իսկական նշանակությամբ. դրանց փոխարեն կան բազմաթիվ պոլեմիստներ, որոնք այս ու այն գրական երկի մասին հայտնում են իրենց հայացքն ու կարծիքները որոշ դիտումներով ու նպատակներով՝ աչքի առաջ ունենալով ավելի գրողի անձը, քան գործը։

Այս երևույթն ունի յուր բնական պատճառները։ Մեր երկրի հայ մամուլը յուր աշխատակիցներին ու ընթերցողներին, կամ, ընդհանուր առմամբ, մտածող հայ հասարակությանը բաժանել է ականների և մկրտելով նրանց ազատամիտ ու պահպանողական, առաջադեմ ու հետադեմ անուններով՝ հասարակաց է դարձրել այն միտքը թե՝ երկու հակառակ բանակի մարդիկ միևնույն ճշմարտությունը դավանել չեն կարող, թե մեկի գտած լավը` մյուսը պիտի հռչակե, կամ ցույց տված բարին պիտի ընդունե չարի տեղ, այդ իսկ պատճառով ես կարծում եմ անհետացել են ասպարեզից ճշմարիտ քննադատներ և նրանց տեղն անցել զուտ պոլեմիստներ, կամ գրական մարտիկներ, որոնք կոչումն ունենալով այս կամ այն բանակի պատերազմը պատերազմելու, բնականաբար, անկարող պիտի լինեն հակառակորդի պաշտպան կամ փառավորիչ հանդիսանալ՝ նույնիսկ եթե սա արժանի լիներ դրան, կամ դատել ու պարսավել իրենց կուսակցին, եթե նրա գործը պարսավի լիներ արժան։

Քննադատը, սակայն, ուրիշ է։ Իմ կարծիքով, նրա համար չկա կուսակցություն, չկան բանակներ, ազատամտի կամ պահպանողականի շահեր. նա ճանաչում է միայն ազատ