նրա ուշադիր քննության։ Այդ ցանկությունը բնական է. որովհետև, ինչպես Տենն է ասում, «յուրաքանչյուր արվեստագետ շարադրում է նրա համար՝ որ իրեն գնահատեն ու գովեն. այդ է արվեստագետի աոաջին ցանկությունը»։ Տենի խոսքը իհարկե վերաբերում է նրանց, որոնք իսկապես արվեստագետներ են և որոնք դժբախտաբար չեն ծնվում մեր երկրում, այլ այնտեղ, ուր միջավայրն ունի պատրաստ հող դրանց սնուցանելու, ծնելու և շրջապատն առողջ օդ` այդ ծնունդները խնամելու համար։
Իսկ նրանք, որոնք ծնվում են մեր երկրում, թեպետ հանճարներ չեն, բայց գոնե ունեն այնքան արժանիք, որ իրավունք է տալիս նրանը սպասել քննադատներից եթե ոչ գովեստ կամ փառաբանություն, գոնե ուշադիր և անաչառ վերաբերմունք իրենց ստեղծագործության նկատմամբ։ Եթե զարգացած երկրներում քննադատը յուր պարտքն է համարում միայն գովել գեղարվեստի վերաբերյալ երկը կամ պարսավել չհոգալով այն մասին, թե ի՞նչ է պատահում այնուհետև գրո ղի հետ, մեր երկրում քննադատը չի պիտի բավականանա այդքանով. նա ավելի խնամքով և սրտացավությամբ պիտի վերաբերվի մեր աղքատիկ գրականությանը և նրա սակավաթիվ մշակներին, որոնք առանց այն էլ շատ գրկանքներ են կրում՝ իրենց ասպարեզում կանգուն մնալու համար։ Մեր քննադատը ամենամեծ ծառայությունը կմատուցանե, եթե յուր պաշտոնը կատարելու ժամանակ համակերպի Բելինսկու պահանջին, այն է՝ уяснить основные законы творчества теоретически, подтверждать их истину практически, ինչո՞ւ, որովհետև մեր մեջ գրողները թե ընթերցողները մեծ մասամբ սկսողներ ենք, հետևապես և շարունակ սովորելու կարոտ։ Եթե կան մեր մեջ այնպիսի գրողներ, որոնք արդեն կատարելության գագաթնակետին են հասել և այլևս սովորելու ոչինչ չունին, իմ խոսքս, իհարկե, դրանց չի վերաբերիլ. (գոնե ես այդպիսի գրող չեմ ճանաչում, խոստովանում եմ տգիտությունս), բայց ճանաչածներս, որոց թվում և տողերիս գրողը, չափազանց մեծ կարիք ունեն սովորելու, որպեսզի գեթ հասնել կարողանան գեղարվեստի տաճարի գավթին, չերազելով իսկ թե՝ մի օր պաշտոն պիտի մատուցանեն տաճարի մեջ։