Այդ պատվին գուցե կհասնեն նրանք, որոնք մեր հետևից կգան և որոնց համար մենք մասամբ հարթած կլինենք առապարը։
Այսպես, ուրեմն, կարիք ունենալով սովորելու, շարունակ կատարելագործվելու, ընդնմին և իրավունք՝ պահանջելու, որ քննադատի պաշտոն ստանձնեին նրանք, որոնք պատրաստություն ունեն դրա համար և ոչ թե այնպիսիներ, որոնք փոխանակ գեղարվեստի օրենքները ճշմարտությամբ մեկնելու և առաջադրյալ երկը համաձայն այդ օրինաց քննելու ու դատելու և այդպիսով՝ գրչակների կամ հավակնությունը սանձելու, որով և հայ գրականությանը շահավոր ծառայություն մատուցանելու, ընդհակառակն՝ իրենց տգիտությամբ, կամ անաչառ լինելու անկարողությամբ, խեղաթյուրում են այդ օրենքները և այլանդակում ճշմարտությունը։ Այդպիսով, հաճախ արժանիքը ծածկվում է անհայտության մեջ, իսկ ոչնչությունը, կամ, առավելն, միջակ կարողությունը հռչակվում է իբրև գերազանց կատարելություն։ Հետևանքը լինում է այն՝ որ արժանիք ունեցողները հուսահատվում և ետ են քաշվում ասպարեզից, իսկ գրչակները երես առնելով նետվում են առաջ։ Երկու դեպքումն էլ տուժում է հայ գրականությունը և հետևապես հայ ընթերցողը, որ անկարող լինելով սեփական խելքի ուժով լավը վատից, արժանն անարժանից զանազանել, մնում է ստրուկ քննադատի կարծիքներին։ Կույր մշակականը չի կարողանում հավատալ, թե պահպանողական նոր-դարականը կարող է երբևիցե մի գեղեցիկ բան գրել։ նոր-դարականը մշակականի մեջ չի գտնում ոչ մի ազնվություն և ընդունում է, որ «Մշակի» բոլոր հետևողները իրենց դրոշակակրի պես էգոիստ են, չարալեզու, նախանձոտ, անսահման տգետ հայոց լեզվին ու պատմությանը և միայն հայհոյանքի և անեծքի ընդունակ։ Ես կարծում եմ, բնական է, որ այսպիսի հանգամանքների մեջ հայ հեղինակը ասպարեզ գա երբեմն յուր երկերի մասին խոսելու։
Այս դրաման ես գրել եմ տասնևինը տարի սրանից առաջ։ Նա խաղացվել է Թիֆլիսում, առաջին անգամ 1882-ին, այսինքն հայոց թատրոնի փառավոր շրջանում և այնպիսի խմբի