Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստվում էի քեզ հեռացնել ինձանից, առանց մի րոպե անգամ մտածելու, թե այդ հեռացումը այսքան դժվար պիտի լինի...

Վերջապես, ես այժմ նստած եմ իմ պարպմանց գրասենյակում, շվարած, մտամոլոր. ես չգիտեմ այժմ ինչ գործել կամ ինչից սկսել. ես կարծում եմ թե այլևս ոչ ոքի համար չեմ ապրում, ես կարծում եմ, թե իմ կենդանության կեսը կորուսել եմ և սպասում եմ, որ գտնեմ նրան... Եվ ճշմարիտ, որ այս դրությունը անտանելի է, վախենում եմ, թե նա երկար շարունակվի։ Բայց ոչ, այն ժամանակ դու կարհամարհես ինձ. դու կամենում ես, որ ես ավելի առնական սիրտ ունենամ, քան կանացի, այդպես չէ ։ Ուրեմն` ես կաշխատեմ հաղթել իմ սրտին, ես կաշխատեմ, որ խելքը կառավարե իմ զգացումներս, թեպետ բնականը բռնաբարել անիրավություն է... Ես թողնում եմ գրիչս:

Հ. Գ. Այսօր իմ տոնն էր, գիտեի՞ր, թե՞ ոչ, ես հետո իմացա և մտածեցի, որ գոնե մի փոքր գունավոր օրում հեռացար դու ինձանից. բայց մի փոքր ծիծաղելին այն է, որ այսօր Գրիգոր Լուսավորիչը դուրս է գալիս վիրապից, իսկ ես մտնում եմ այնտեղ...

/ 10 հունիսի, կիրակի, (առավոտ)

Երեկվա տխրությունս մի փոքր անցել է. այժմ զբաղված եմ այն քաղցր մտածմունքներով, թե ինչպես այսուհետև պիտի դեգերեմ քո շրջած զբոսավայրերում, ինչպես պիտի հիշեմ քո յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր հայացքը, կատակը, և զվարճախոսությունը, և պիտի երգեմ քեզ հետ անցուցած բոլոր ժամերը։ Մի կես ժամ առաջ դեռ մտածում էի, թե ինչու համար դուրս գամ սենյակիցս, ուր գնամ, Ոսկին չկա, ուրեմն բոլոր աշխարհը չկա... բայց այժմ բոլորովին հակառակն եմ մտածում, որովհետև հիշեցի իմ շատ հին անցյալը, երբ ես դարձյալ հեռի էի քեզանից և թափառում էի Մուլտեքտի պուրակներում քեզ հիշելով, քեզ երգելով... Այն ժամանակ միայնությունը շատ քաղցր էր ինձ համար, և բոլոր