Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ մենավոր զբոսանաց ժամանակ ինձ ընկերանում էր բնությունը, մենք երկուսս միասին մտածում էինք քեզ վերա, ոգևորվում էինք քեզնով և սիրում էինք քեզ։ Այսօր էլ ահա կվերադառնամ իմ անցյալին և կապրեմ այդ անցյալի սովորական կյանքով։

Այժմ պատրաստվում եմ գնալ մեր պարոնին ճանապարհ դնելու դեպի Տրապիզոն. ես երևակայում եմ, թե ինչ ազդեցություն կանի այս անգամ ինձ վերա երկաթուղվո 3-րդ զանգը.— մի ճանճ կթռչի իմ գդակի վրայից, ահա բոլորը:

Կիրակի, (երեկո)

Երկաթուղուց վերադարձա ժամ 9-ին. գնացի Խատեսյանի տնից քո իրեղենները բերի ինձ մոտ. բոլորը կարգավորեցի. մի երկու բան, որոնց քո ձեռքերը շատ կլինեին դիպած` համբուրեցի. քո պարապմանը վերաբերյալ իրերը այժմ իմ աչքում մի մի մասունքների արժեք ունին. զարմանալի՜ փոփոխություն։ Ժամ 12-ին գնացի Սպանդարյանի տունը։ Այդտեղ Նատալիան ինձ աշխատեց ճգրացնել, բայց ես չհաղթահարվեցա. այնպես կերպարանք ցույց տվի, իբր թե իսկի չեմ մտածում, թե Ոսկին հեռացել է. Սպանդարը մոտեցրավ ինձ քթախոտի ձեռնատուփը և ես շատ հանգստությամբ վերցրի մի պտղունց, և հանդիսավոր ձևով տարի դեպի իմ քիթը: Մենք սուրճ խմեցինք. Սպանդարը խոսաց քո վերջին հայացքի համար. ես չկարողացի ինձ զսպել և փղձկեցա. բայց իհարկե, ոչ ոք ոչինչ չնկատեց։ Վերջապես ժամ 4-ին մենք ճաշեցինք, ես խմեցի քո կենացը— անդրանիկ բաժակով—բայց իհարկե մտքումս. վերջում Նատալիան առաջարկեց քո կենացը և մենք էլի դատարկեցինք։ Ժամը 5-ին մենք գնացինք Մուշտայիդ. եղանակը շատ զով և շատ գեղեցիկ էր, ես միջոց էի որոնում առանձնանալու, այդ նկատեցին, և Նատալիան ասաց, որ դու պատվիրել ես նրան՝ ինձ տխուր և միայնակ չթողնել... Որքան բարի ես դու, իմ անգին Ոսկի։ Դու կամենում ես ապահովել մինչև անգամ իմ միայնության ժամերը. բայց, հոգյակս, այդ ժամերում ես տխուր չեմ լինում,