Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ հոգիացած. և այն իսկ այդ ժամերի տխրությունը մի քաղցրություն, մի զվարճություն ունի։ Երբեք մի՛ մտածիր, թե միայնությունս կարող է տխրեցնել ինձ, ոչ, այդ միայնության մեջ ես նմանում եմ այն բարեպաշտ հեթանոսին, որ ծնկաչոք աղոթում է յուր աներևույթ աստվածածնո առաջ։

Բայց գիտես, մենք այսօր ուղղակի գնացինք «ձկների այգին», Նատալիան առաջին անգամն էր տեսնում այդ տեղը, «ինչ գեղեցիկ է, ափսո՜ս մի անգամ օրիորդին այստեղ չբերինք», բացականչեց նա. ես ծիծաղեցի, և այդ ծիծաղով մատնվեցա։— «Անպիտաններ, դուք ուրեմն գիտեիք այս տեղը, ասաց նա, և մեզ չէիք ասում»։— «Շատ միամիտ ես, Նատալիա, նկատեց Սպանդարը. ինչ արժեք ունի սիրահարությունը, եթե նրա համար մի անհայտ ծածկարան գոյություն չունենա»։ Մենք այդտեղ թեյ խմեցինք, խոսացինք, ծիծաղեցինք և վերջը մի կես ժամ էլ առանձնանալով—բնության և քեզ հետ խոսացի, երգեցի և ապա միասին վերադարձանք տուն։ Ճանապարհին ձիաքարշի մեջ Սպանդարը կռվեց մի մալականի հետ, որը հրել էր փոքրիկ Սպանդարին, բղավոց, ճղավոց տեղի ունեցավ, բայց առանց մի զգալի հետևանքի անցավ։ Տուն հասնելուց հետո գնացինք Շինինգի մոտ. մի ժամ էլ այնտեղ մնացի և այժմ եկա տուն։ Այստեղ— բարի գիշեր, համբուրում եմ քեզ։

11 հունիսի, երկուշաբթի (երեկո)

Սիրեցյալդ իմ. Այսօր ամբողջ օրը անհամբերությամբ սպասում էի քո հեռագրին, բայց չստացա. անհանգստությունս յուր չափը անցըրեց։ Տխրությունը րոպե առ րոպե աճում է սրտիս մեջ։ Ինչ պատահեցավ քեզ, ինչու հեռագիր չեմ ստանում։ Այս գիշեր շատ մեծ անձրև էր եկել, ես վախենում եմ. ես հազար մի տխուր գուշակություններ եմ անում։ Գուցե երկաթուղվո գիծը վնասվել է։ Գուցե Թարթարը վատացել է և չեք կարողանում անցնել։ Գուցե... 0՜հ, սիրտս պատռվում է, չեմ ուզում ոչինչ գրել, չեմ էլ ուզում մտածել։ Բայց գուցե դու այժմ հանգիստ նստած ես տանը, և քաղցր խոսակցում ես