Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատաղած է ինձ դեմ յուր մասին գրած ճշմարիտ կետերի համար և ոչ թե այն վերջին կետին, որը ես հիշում եմ հիմա սկսել է ինքն էլ այդտեղից բռնել և ներկայացնել ինձ իբրև անամոթ, իբրև մի խայտառակ, իբրև ազնվություն վաճառող մի սրիկա։ Այդ նամակը կարդալուց հետ ես խելագարվելու չափ վրդովված էի, մանավանդ, երբ զգում էի (ախր ես էլ մի փոքր խելք ունիմ), թե իմ գործած սխալը այդ խիստ պատժին, այդ անարգանաքը արժանի լինելու չափ մեծ չէ։ Ես չափից դուրս նեղասրտած լինելով գնացի Աղայանցի մոտ մի փոքր տարտընալ լինելու. ես նրան տվի Սամսոնի նամակը, որը կարդալով ապշեց և զզվանքով հեռացրավ իրանից նամակ։ «Ես այդպիսի խելագար չէի կարծում նրան ասաց նա. այդ տղայի սրտում ազնվության մի կաթիլ արյուն անգամ չկա»։

Ես նրա նամակին մի պատասխան էլ գրեցի, որը կարդալուց հետո թե նա չի ամաչիլ, այդ նշանակում է, որ նա մարմնացյալ կեղտոտություն է, որ նրա սիրտը գարշելյաց ընդունարան է, որ նա մարդ չէ...

Բայց հավատացնում եմ քեզ, սիրելիս, ես ինքս ամաչում, կարմրում եմ, երբ ստիպված եմ այդպիսի մարդու հետ գրագրություն ունենալու, երբ ինձ ստորացնում եմ այն աստիճան, որ նրան պատասխան եմ գրում այն ժամանակ, երբ նա ասում է ինձ, թե` «Ձեզ առանձին նամակ գրելը սրբապղծություն է, բայց այս անգամ ես գործում եմ այդ սրբապղծությունը...»։ Բայց, իհա՛րկե, իմ «ստիպված» բառը դու ոչ մի բանի չվերագրես, ես ստիպված եմ իմ խղճից, իմ սրտի և արդարության ձայնից. ես մտածում եմ, թե խաբվելով մի հանցանք եմ գործել, ուստի խոստովանությամբ և զղջմամբ կամենում եմ թեթևացնել իմ խիղճը. բայց, իհա՛րկե, ես մարգարիտը գցում եմ խոզի առաջ. Սամսոնի նման հոտած և փտած սիրտ ունեցողը ինչպե՞ս կարող է գնահատել իմ խոստովանությունը. նա ընդհակառակը ինձ եզվիտ և կեղծավոր է անվանում, որովհետև նրան բացատրությամբ նամակ եմ գրել... Օ՜ , որքան դժվար է մարդ լինելը...

Եվ այս բոլոր վիրավորանքների, այս բոլոր վրդովմանց և հուսահատության մեջ դարձյալ մի մխիթարություն, մի