Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոտը ծառայում էր օթոցի տեղ և քաղցր հովը գուրգուրում էր իմ դեմքը։ Երկար ես այդտեղ քնեցի, բայց հազար և մի երազներում, որոնք պտտվում էին իմ գլխում, ես քեզ չտեսի, այդ բանը հետո ինձ շատ վշտացրեց։ Երբ աչքերս բացի, արդեն երկինքը սկսում էր մթնշաղ և ամենի առաջ աչքովս ընկավ լուսնի եղջյուրը, ես նայեցի նրան և հիշեցի քո այն խոսքը, որ ասում էիր, թե ամեն երեկո ես պիտի հառեմ իմ աչքերս լուսնին, դու էլ այնպես արա, որպեսզի մեր հայացքները այդ լուսավոր գնդի վերա միանան իրար հետ... ես երկար նայում էի նրան, մրմնջալով իմ վաղեմի` զրկված սիրահարության երգերը, բայց չգիտեմ դու էլ նայում էիր, թե ոչ...

Այժմ խիստ հոգնած եմ, պատրաստվում եմ կաթս խմել և Մորփեոսի գիրկը անցնել։ Բայց սիրեցյալդ իմ, ես շատ անհանգիստ եմ քո վերաբերությամբ. ամսույս 9—12 մի նամակ ունեի քեզ գրած Մեկիչի ձեռքով, չգիտեմ է, ստացար, թե ոչ։ Բայց թողնենք այդ նամակը, այսօր ինն օր դարձավ ինչ դու հեռացել ես, և քո երկբառ հեռագրից զատ էլ քեզնից ոչ մի լուր չստացա, ի՞նչ պատահեց քեզ, ինչո՞ւ ես նամակդ ուշացնում։ Ես սկսում եմ արդեն անհանգստանալ։ Հազար և մի տեսակ մտածմունքներ ամբարվում են գլխիս մեջ։ Ով գիտե, գուցե դու հիվանդացար, գուցե այն անպիտանը քեզ նամակ է գրել և տխրեցրել, գուցե ձեր տան մեկը հիվանդ է` վերջապես մի բան կա, և ես չգիտեմ, ապա 9—10 օրում ինչպես կարելի էր, որ դու նամակ չգրեիր, միթե քո սիրտը այդքան պինդ է, կամ գուցե Ղարաբաղի օդը ներգործեց քեզ վերա։

Էհ, չեմ իմանում, չգիտեմ, միայն թե վաղն էլ նամակ չստացա, ես կմեռնեմ, դու հո գիտես իմ բնությունը, դու իրավունք չունես ինձ չարշարելու, ախր առանց այն էլ շատ ես չարշարել, պետք է այժմ խնայող լինիս և չսպառես իմ ուժերը...

Բարի գիշեր, իմ անուշիկ Ոսկի, համբուրում եմ զույգ աչերդ... բայց ասա ինձ, միթե նեղանում ես, որ ես այսքան երկար եմ գրում։

քո Գիքոր