էր ծայրահեղության, քո համեստությունը բռնաբարում էր իմ սիրտը. այդ իհարկե լավ չէր, իմ քաղցած և սովալլուկ հոգին դու կերակրում էիր սիրո չնչին փշրանքներով, իսկ այժմ դու հասկացել ես, որ ամեն մի հասարակ դեպք, ամեն մի աննշան խոսակցություն, որ վերաբերում է մեր սիրույն, ինձ հետաքրքրում, ուրախացնում և հափշտակում է։ Եթե գիտենայիր թե որքան հիացմունքով կարդում էի քո փոքրիկ և սիրալիր պատմությունները։
Դու ասում ես, որ մենք երջանիկ ենք և թե այդ գիտենան բոլորը մեզ կնախանձին։ Այդ ճշմարիտ է, հոգյակս, բայց նախանձելը դեռ շատ փոքր է, թե այդ բոլորը ըմբռնեն մի֊անգամ այն, թե որքան քաղցր է սիրելը, նրանք չեն նախանձիլ, այլ իրենք էլ կսկսին սիրել... երջանիկ լինելու համար։ Դու շատ լավ ես արել, որ մամի մոտ այդպես շուտ բացվել ես, ինչ հարկ կա գաղտագողի մեր սիրակցությունը ծածկելու, ինչու համար մենք պիտի ամաչենք այն բանից, որ հավասարապես պատիվ է բերում թե մեզ և թե մեր ծնողներին։ Սերը նույն ինքն աստված է, սերը նույն ինքն քրիստոսն է, և երբ մենք կամենում ենք բարձրանալ մեր սիրով մինչև այդ գերբնական անունները, ինչու պիտի վշտանան մարդիկ, միթե լավ է նրանց համար տեսնել մեզ աղտեղությանց մեջ քարշ գալիս... Քո մայրը խելոք կին է, նամանավանդ, նա անսիրտ չէ մյուս կանանց նման, բաց արա քո սիրտը նրա առաջ, ազատ խոստովանիր նրան այն ամենը, ինչ որ քո և քո սիրելվույդ երանությունն է կազմում, թող նա լինի քո հավատարիմ ընկերուհին— խանդակաթ մայր լինելով հանդերձ։ Եվ երբ գերդաստանի մեջ տիրում է անկեղծությունը, երբ մոր և որդիների մեջ մտնում է ընկերակցությունը — անբաժան հարգանքից և հնազանդությունից, այդ ժամանակ արտաքին վիրավորանքները էլ չեն ներգործում այդ գերդաստանի վերա, նրա միությունը մնում է անբաժան, սրտի հանգստությունը անխափան... Դուք առանց այն էլ բարեկամական շրջաններ չունիք, թող այդ ամենը ամփոփվի ձեր փոքրիկ, բայց անկեղծ ընկերության մեջ։ Եվ ճշմարիտ, ինչի նման է այն կյանքը, որի քաղցրությունը ծնողական աչքերից հեռու պիտի վայելենք. միթե կա մի ուրիշ սիրտ, որ ավելի խնդա,