Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է արել, ինչ որ պատմում են Մանտինյանը և Պալասանյանը, ուրեմն նրան պետք է շատ ակնածությամբ հարգել: Երեկ «Նոր-Դարում» հեռագիր կար Էջմիածնից, որ տեսուչն— Նահապետյանց արտաքսված է ճեմարանից։ Երևի մյուս վարժապետներն էլ նրա բախտին կարժանանանք: Ս. Մանտինյանցն ասում է, որ ինքն էլ չի գնալ, թե իրավ Նահապետյանցն հրաժարեցրված է։ Ցավալի դրություն է, տեսնենք վերջն ուր կհանգի։

Հունիս 23. շաբաթ (առավոտ)

Չնայելով, որ երեկ երեկոյան ես ինքս սրբագրեցի քո հոդվածի մյուս ձեռն, այսօր դարձյալ սխալներով լիքն է. էլի ամբողջ բառեր պակաս են, երևի անպիտանությունը գրաշարներիցն է, որոնք ծուլանում են սրբագրածն ուղղել։ Այսօրվա համարի մեջ շատ գեղեցիկ առաջնորդողն էլ` հանել է ցենզորն, որը «Քաղաքականության» շարունակությունն էր, շատ ափսոսացի մանավանդ դրա համար։ Ինչ կարելի է անել, սիրելիս, ահա քեզ և գեղեցիկ բան. բայց միթե մեր ձեռքն է գեղեցիկ խոսելն։ Այն որ ասում են, թե «Մեղուի» մեջ Ս…յանը լավ էր գրում. իսկապես լավ այն ժամանակվա լրագրական ազատությունն էր։ Երբ մարդ զոռով յուր ստեղծածն խեղդում, կտրտում է` յոթնաբերան վիշապի ժանիքներից դուրս սողացնելու համար, իհարկե այդ խեղդածի մեջ հոգին էլ խեղդած կլինի... Լրագրությունը մի նավ է, որ լողում է օվկիանոսի մեջ. որքան էլ նրա նավապետը փորձված և հմուտ լինի, դարձյալ Պոսիդոնի (ծովերի աստծո) երեքժանիից կախումն ունի.— շարժեց Պոսիդոնը երեքժանին,— մրրիկները պատրաստ են, ալիքները գոռում են, նավը երերում է և մեր հմուտ նավապետը սրտատրոփ չոքում է լեռնակառկառ ալիքի առաջ, որ գալիս է նրա բոլոր պետությունը կործանելու։

Լրագրական կուլիսից առ այժմ քեզ հաղորդելիքս հետևայալն է. նոր նամակներ և տեղեկություններ են ստացված, որոնք հույս են տալիս, որ Մելիքսեդեկը կհաստատվի կայսրից կաթողիկոս։ Մինիստրությունը ամեն տեղերից հարց ու փորձ է անում. Մակարից էլ է հարցրել. Սիմեոնյանցն ասում