Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գուշակում էի, որ նա ինձ պիտի տխրեցներ, կարծես թե գիտեի, որ նա իմ երազների լրումն է... Ես առասպելներին չեմ հավատում, ես նախապաշարմունքը ատում եմ, բայց նախազգացմունքը խոստովանում եմ, որ կա։ Ինչ որ նախազգացել և տեսել էի երազումս, ահա և կատարվեցավ. իմ սիրտը դողալով սպասում էր սրան... այս րոպեին։

Ահա քեզ մի նամակ. ընդամենը 7 տողից գրված։ Ինչ հասկանամ ես նրանից. այնտեղ ոչինչ հիշված չէ. այնտեղ մի բառով չէ ասված, որ գոնե իմ նամակներս ստացել ես թե ոչ, ինչ եզրակացնեմ ուրեմն քո այդ վարմունքից. այն, որ դու չկաս... որ դու հոգեպես մեռած ես։ Ապա թե ոչ, ինչ կնշանակե ինձ վրա նամակ ուղղել այն էլ 7 տող՝ կից կտուր խոսքերով։ Բայց հանգիստ եղիր. հենց այդ 7 տողերն էին, որոնք ինձ այնքան շատ բան ասացին, այնպես լավ նկարագրեցին քո և քո ընտանիքի ողբալի դրությունը, որ էլ քո երկար գրելդ ավելորդ կլինի...—«Լրագրի լուրը կարդացվել է. Սամսոնը (ուրիշ բառով՝ դժոխքի դահիճը) նամակ է գրել ձեզ և մայրդ քանի օր է վատ դրության մեջ է». էլ ուրիշ բան կուզեիր ասել այսքանը արդեն բավական մեծ պաշար է իմ երևակայության համար, որ պատկերացնե ամեն բան իմ առաջ և իմ հոգին համակե սև տխրությամբ... Ես գիտեմ մինչև անգամ ինչեր կլինի եզրակացրած մայրդ, հոդվածս կարդալով, որքան բորբոքած կլինի յուր առանց այն էլ վառ երևակայությունը, ինչ մեծ խայտառակություն կլինի համարած այդ իսկապես չնչին (ուրիշների նկատմամբ իհարկե) անցքը, որքան անիծած կլինի յուր սիրտը վրդովող պատճառներին...

Այս բոլորի վրա էլ ավելացրու Սամսոնի, այն անսիրտ և անխիղճ ճիվաղի նամակը, և ամեն բան կատարյալ կլինի։ Եթե այն մարդը այն նամակն է ինձ գրել, երևակայում եմ, թե ձեզ ինչեր, ինչեր կլինի գրած։ Ախր խո իմ հոդվածի վերջին կետի դարդումը չէ, այլ մյուս կետերում յուր ոչնչությունը նշանակված տեսնելով, այն կետիցն է բռնել, որ ձեզ էլ յուր հետ քաշ տա, գրգռե ձեր մեջ յուր սատանայական ատելությունը դեպի ինձ՝ և այդպիսով վրեժ հանե ինձանից։

Բայց ես առայժմ թողնում եմ տաքությունը և կամենում եմ մի փոքր սառնությամբ խոսել քեզ և քո մոր հետ։