Էջ:Muratsan, vol. 7.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես դրականապես կարհամարհեմ քեզ, ինչպես մի ստորության երկրպագուի…

Նեղացա. էլ չեմ գրում. ցտեսություն հոգյակս։

Քո Գրիգոր

էլ նամակս նորեն կարդալու ուժ չունիմ. չգիտեմ ինչ գրեցի— հոգվով և մարմնով հոգնած եմ։

Չեմ ասում, թե ինձ նամակ գրիր. էլ ես քեզ պատվերներ տալ չեմ կարող. դու գիտես, ուզում ես սպանիր ինձ, ուզում ես ապրեցրու։

Հունիս 25, երկուշաբաթ (առավոտ), Տփխիս 1884

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Մինչև այսօր քեզ գրած նամակներս հետևյալներն են: 9—12, 16—18 և 22—23 թվերով, ընդամենը երեք նամակ, բայց նրանցից և ոչ մեկի ստանալուն համար ցարդ ոչինչ չհայտնեցիր. սակայն ապահով եմ, որ բոլորն էլ ստացած ես։ Այս նամակների վերաբերությամբ գրիր ինձ խնդրեմ երկու բան. ա) թե հարկավո՞ր է անշուշտ զակազա գրել քո նամակները՝ թե հասարակ և բ) թե ո՞ր փոստ գցածս ավելի շուտ ես ստանում (հաշվելով վերջին օրի թիվը, իհարկե), որ այսուհետև այն օրերում քեզ նամակ գրեմ։

Սիրեցյալդ իմ, 22—23 թիվ նամակս մի փոքր տխուր արտահայտությամբ և կոշտ լեզվով էի գրել, հետո շատ զղջացի, բայց արդեն փոշտ գցած պրծած էի։ Սկսում եմ գրել քեզ ներկայս, սրտիս անձուկը փարատելու համար, ըստ որում քեզանից հետ` էլ ոչ ոքի հետ սիրտս չէ տալիս, որ խոսեմ կամ մինին ցավակից անեմ ինձ։ Այժմ ես ավելի ինքս ինձ մեջ եմ ապրում. միայնությունը չափից դուրս սիրելի է դարձել ինձ. շատ նեղանում եմ, մինչև անգամ, թե մեկը վրդովում է այդ միայնությունը, որը ամբողջապես նվիրված է քեզ։ Երբ պարապ ժամեր եմ գտնում՝ մտածում եմ քեզ վրա, իսկ երբ դադարում եմ մտածելուց, այն ժամանակ սկսում եմ նամակ գրել քեզ։