Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես նախընթաց նամակումս գրած էի, տխրությունս մի փոքր ցրելու համար երեկ առավոտ միայնակ գնացի Ծղնեթ։ Առավոտյան ժամը 8-ին այնտեղ էի․ տիկինը և երեխաները վաղուց ի վեր կանաչազարդ բլրի վերա ինձ սպասում էին, երկու շաբաթ էր միմյանց չէինք տեսել․ շատ սիրալիր հանդիպումն ունեցանք․ ամենից առաջին գործս այն եղավ որ ես սիրելի Սուրենիկին համբուրեմ։ Հետո բոլորս միասին գնացինք տուն։

Վարձված տունը բաղկացած է երկու մաքուր սենյակներից և մի փայտաշեն (a la Պոլ և Վիրգինե) խոհանոցից․ և գտնվում է ազատ դաշտի վերա․ շատ սիրուն օդ և տեսարան ունի շուրջը։ Թեյից հետ մենք գնացինք եկեղեցի պատարագ լսելու․ երգում և դպրություն էին անում գյուղի փոքրիկ տղաները և աղջիկները։ Վերաբերման ժամանակ բոլորը չոքած, աչքերը սուրբ սկիհին սևեռած աստուծուն էին աղոթում, իսկ ես, ինչ թաքցնեմ մեղքս, ես միայն քեզ վերա էի մտածում, իմ մրմունջներս դեպի քեզ էի ուղարկում և երևակայությամբ դեպի քեզ թռչում։ Այստեղ ամեն ոք պատրաստ էր մի աստծու աղոթել, ես էլ իմ աստծուն էի աղոթում․․․ միթե սա մի հանցանք է։ Այս բոլորը ես ասացի տիկ․ Նատալիային, երբ եկեղեցուց դուրս եկանք։ Սուրճի ժամանակ մենք միայն քեզ վերա էինք խոսում։ Նատալիան պատմում էր մի քանի բաներ, ինչ որ իրենք մեր բացակայության ժամանակ խոսել են մեզ համար։ Եթե հետո հարցնես ինձ՝ քեզ կպատմեմ․ միայն այժմեն իսկ իմանաս, իհարկե որ այդ խոսածները մեզ համար աննպաստ չէին լինիլ։ Սուրճից հետ ես երեխաների հետ գնացի ձորերում զբոսնելու․ երկար թափառեցի այդտեղ։ Ծաղիկների մի մեծ փունջ կապեցի և ի դարձին տվի տիկնոջը։ Նա երևի իսկույն իմացավ, թե ես ինչեր կլինեի մտածած այդ փունջը կապելու ժամանակ և մի փոքր արկղիկից հանեց քո պատկերը, և կիսով չափ խրելով ծաղկեփունջի մեջ դրավ կամոդի վերան, իմ առջև։ Ես նրան ոչինչ չասացի, բայց սիրտս լռությամբ շնորհակալ եղավ նրան։ Ես երկար, շատ երկար նստած քո պատկերի դեմ առ դեմ՝ նայում էի նրան և ինքս ինձ խոսում էի։ Տիկինը այդ ժամանակ զբաղված էր դրսում։ Վերջապես ես կամեցա մի փոքր էլ խաղալ.