Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Թիֆլիս, 11 հուլիսի, 1884


Հոգյակս. այսօր 12 օրը լրացավ, ինչ որ քեզանից նամակ չունեմ։ Թեպետ անհանգիստ չեմ, որ կարող ես առողջ չլինել, (որովհետև ինչքան էլ տխուր հանգամանքներ շրջապատած լինեն քեզ, այսուամենայնիվ ընտանիքումդ գտնվելով գոնե մարմնով առողջ կլինես), բայց շատ անհանգիստ եմ, որ նամակ չեմ ստանում։ Շաբաթը երեք անգամ փոշտ կա այստեղից, շորեքշաբաթ, ուրբաթ և կիրակի, և այդ երեք օրերն էլ քեզ նամակ եմ գրում, որ գոնե դու ուրախ լինես, ես ջհանդամը… Բայց որ գրել էիր, թե ես արտաքուստ սառն և անտարբեր եմ լինում, մորս չգրգռելու համար, ես ճշմարիտ որ զարմացա. ուրեմն մայրդ այն աստիճան ատում է ինձ, որ քո նամակ գրելդ էլ նրան վրդովում է։ Ես քո վերջին նամակը ուշադրությամբ չէի կարդացել, դու մինչև անգամ գրել էիր, թե «չգիտեմ մեկ էլ ինչպես պետք է սիրտն առնեմ և այլն». ուրեմն ամեն բան վերջացած է. ամեն կապ խզված էր համարում մայրդ։ Շատ օտարոտի է, ոչինչ չեմ հասկանում։ Արդյոք չէիր կարող այն հրեշի նամակի պատճեն ղրկել ինձ, որ տեսնեմ, թե ինչ է գրել, որ մորդ վերա այդքան ազդել է։ Հեռագրել էիր, որ չգամ, այդ արդեն ես էլ էի վճոել, և պատճառը ամսույս 8-ի նամակով (թե 6-ի, չգիտեմ) գրել եմ։

Սիրելիս, թե գիտենաս, թե որքան շատ անհանգիստ եմ ես այդտեղի վերաբերությամբ. չգիտեմ ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես օրերդ անցկացնում, մոտեցար մերոնց թե ոչ. համոզեցի՞ր մորդ այս ու այն հանգամանքի մասին. արդյոք ինչպես է վերաբերվում ձեր ընտանիքը դեպի ինձ և դեպի իմայինները. միով բանիվ, ոչինչ, ոչինչ չգիտեմ։ Այս գիշեր երազումս քեզ տեսի. ինչպես տխուր էիր դու. և մինչև անգամ չէիր ուզում ինձ հետ խոսել։ Ես կարծում էի, թե այսօր մի տխուր նամակ կստանամ, բայց ո՛չ տխուրը ստացա, և ո՛չ ուրախը։

Քո պաշտոնիդ մասին դեռ մի նոր հաղորդելիք չունեմ։ Կարծեմ այս ամսում պետք է լինի Թանդոյան եկեղեցու հոգաբարձուների ընտրությունը։ Եթե այն քահանան հոգաբարձու չընտրվեցավ, տեսչության պաշտոնները կմնա քեզ համար։ Խռովությանց մասին որ գրել էիր, ոչինչ խռովության