Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան չի լինիլ, միամիտ կաց։ Տան համար ուզում ենք հենց ուսումնարանի տունը վերցնել, նա շատ չոր և արեգընդդեմ տուն է։ Բայց իհարկե պետք է վերցվի միայն կեսը, որովհետև ամբողջը 7 սենյակ է։ Հույս ունեմ կիրակի ավուր փոշտով ավելի մանրամասն տեղեկություններ տալ։

«Մշակը» այսօր հրատարակեց յուր վերջին համարն և հայտնեց, որ դադարում է երկու ամսով, բայց իսկապես դադարելու է մինչև նոյեմբեր։ Այդ ամսից ուզում են հանձն առնել հրատարակությունը մի քանի պարոնայք — Րաֆֆի, Արասխանյանց, Կարո, Եղեկյանց, Աղայանց և այլք. (յուրախ ժամու եղեցի)։ Թող «Նոր-Դարի» գործը մի փոքր լավ գնա, տեսնեմ թե այդ բազմոտանի անգլուխ հասարակապետությունը ինչ պետք է լինի։ Այ մրցումը այն ժամանակը կլինի, քաջերը հանդես կիջնեն և կտեսնենք մեկն է շատ, թե շատն է շատ (a la Արասխանյանց)։

Արդյոք ինչպես ես հավանում իմ վեպը. նկատողություններդ գրիր։ Այստեղ հոգեբանական մի քանի տեսարանների ճշտությանը քեզ եմ պարտական... Այստեղ շատ լարված ուշադրությամբ են կարդում։ Դեռ կրիտիկոսներ չկան, եղածներն էլ այս համեստ մարզիկն են, որոնք չեն ախորժում իմ ազատաբանությունը.— «Դա a la էմիլ Զոլա է» ասում են, այդքան դեգոլտե գրելը լավ չէ։ Վաղվա համարը թե չջնջե ցենզորը վեպիս ամբողջությունը չի խանգարվիլ, տեսնեմ, սիրտս դողդողում է։ Եթե էգուց համար չեղավ, իմաց, որ մի 10 սյունակ կուլ է գնացել, 114 համարինը մի կերպ կարկատեցի։

Գուցե առաջիկա շաբաթ «Նոր Դարը» չհրատարակվի տպարանի մեջ լինելիք փոփոխությանը պատճառավ։

Մելիք Մեհրաբյանցն, որ ցարդ Պետերբուրգ էր, վերադարձավ։ Մելիքսեդեկի հաստատման լուրերն նորեն վարագուրով ծածկվեցան հասատ խոսում են, որ նոր ընտրություններ կլինեն։ Տեսնենք ուր կհանգի։


Ինչպես է քո առողջությունդ. արդյոք դեղերը գործ ես ածում. լողանում ես, զբոսնում ես։ Ինչպես է մայրդ, Կատինկան, Ավետը, Հայկանուշը— բոլորին էլ շատ բարև արա և բոլորի առողջությունից էլ գրիր։