Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անկարելիությունից հետ մնում է, որ այն դիտավորությունս գործ դնեմ, ինչի մասին որ Բագրատի հետ խոսացել եմ։ Այդպիսի դեպքում պետք է որ Ավետը մի փոքր շուտ գա Տփխիս։ Աղայանցի և մյուսների հետ այսօր երեկոյան կտեսնվեմ և հարկ եղածներն կգրեմ։

Իմ սիրալիր և ամենագողտրիկ ողջույններս մատո սիրելի մամիդ, Կատինկին, Ավետին և Հայկուշին։ Իմ կողմից խնդրիր մամիդ, որ շատ ուրախ կենա, աշխատի տխրություններն հեռացնել, ամենաչնչին անցքերի և խոսք ու զրույցների համար չվրդովվել։ Թող հավատացած լինի մայրդ, որ ամեն բան շատ լավ կանցնի. շատ, շատ մի ամսից հետ նրա սիրտն ու հոգին խաղաղված կլինի. ես կաշխատեմ նրան հիմնավորապես ուրախացնելու… Առաջիկա փոշտ ես առանձին նամակ կգրեմ իրեն.ես կգրեմ և այն ինչ որ խոստացել եմ նրան իմայինների վերաբերությամբ։ Առայժմ ես խառնված եմ և գրելու ո՛չ ժամանակ և ո՛չ տրամադրություն ունեմ։ Բայց կարող եմ կրկին և կրկին անգամ խնդրել նրան և քեզ… որ ուրախ պահեք ձեզ. ձեր տխրությունը ինձ սպանում է. ճանապարհին ամեն մի անգամ ձեր տխուր խոսակցությունները, մամիդ արտասուքը, որ միտս էր ընկնում. սիրտս կոտրտում էր. ախ, ես այսքան դժվար չէի կարծում ձեզ կրկին անգամ տեսնել և ձեզանից բաժանվիլս. աղաչում եմ, ուրախ, շատ ուրախ պահեցեք ձեզ. այս է իմ միակ խնդիրս ձեզանից, իսկ մնացածների հոգսը ինձ վերա թողեցեք:

Ոչ թե ձեզ տխրացնելու, այլ կասկածներդ փարատելու համար կհայտնեմ, որ Աղամալից ճանապարհին մանրամասն տեղեկացա Ալեքսանի խոսածների մասին. Միխայելն շատ ճիշտ է ասել, այն լիրբը ձեր բոլոր լսածները խոսացել է, երբ ինքը, Միխայելը և Աղամալը միասին ճաշում են եղել։ Ինչ ասեմ, երբ իմ թշնամին իմ տան մեջ է, երբ կրակը իմ հարկի տակն է, էլ ում մեղադրեմ, կամ որի ներողությունը խնդրեմ. մնում է որ ապագայի վերա դնեմ իմ հույսը— իմ արդարությունը երևան հանելու համար։ Եվ այդ անզգամը դեռ ուշանում էր մեր տանը իմ քույրերի և մորս ներկայությամբ և պատրաստվում էր գալ և թքել Միխայելի երեսին