Սպանդարյանի դրությունը շատ աննախանձելի է. ամենակրիտիկական րոպեների մեջ է ապրում… Ահա բոլորը, և ամենից շատ այս բանն է ինձ տանջում։ ճշմարիտ, որ այժմ ես կուզենայի խլվիլ մարդկությունից և առանձնանալ մի կղզի կամ մի անհայտ գյուղ. և եթե կգտնվեր մեկը, որ կսիրեր ինձ աշխարհում, առանց այդ սերից ուրիշներին էլ բաժին հանելու, նա կգար իմ ետևից և կերջանկացներ ինձ այդ անհայտության մեջ…
Ախ, Ոսկի, Ոսկի, ուր էր թե մենք ուժ ունենայինք, և կարողանայինք օգուտ քաղել աշխարհի գեղեցկություններից և քաղցրություններից, քանի ապրում ենք… Արդյոք նկատում ես, սիրեցյալդ իմ, որ ես այլևս լրջությամբ քեզ ոչինչ գրել չեմ կարողանում: Սկսա այս նամակը այն պատճառով, որ քեզ հետ գործի մասին խոսեմ, և քամիներից տարվեցա, ինքս էլ չգիտեմ ուր: Արդյոք մամադ ինչ է ասում սրա համար. չէ որ ես մեղավոր չեմ այս բոլորի մեջ։ Բայց դու ինչ լավ նամակ ես գրում. հիանում եմ. ցուրտ, սառն, առանց զգացմունքների և ոգևորության։ Բայց մի նեղանար, հոգյակս, ես միայն քո գրածը չեմ կարդում. այլ և այն ինչ որ կկամենայիր գրել… ինչ որ կրծում, մաշում է քո դժբախտ և դեռ չնչին գարուն չվայելած—բայց արդեն ձմեռով ծածկած` սիրտը… Բայց մի վհատիր, իմ անուշիկ Ոսկի, մի նեղասրտիր, իմ անզուգական ընկեր—նոր գարունը ավելի, շատ ավելի մոտ է. նա կգա, ցուրտ հյուսիսը կհալածե ամպերը. արեգական գեղեցիկ շողերը դարձյալ կժպտան այն ճակատների վերա, որոնք օծված են սիրո սրբությամբ. այն շրթանց վերա, որոնք երգել են սիրո հավիտենականությունը։ Փուշերը անհրաժեշտ են վարդի գոյացության համար, որ յուրաքանչյուր անսուրբ ձեռք չխլե նրան. արգելքները սիրո գործում անխուսափելի են, նրան ավելի քաղցրացնելու համար։ Առապարի վերա ճանապարհորդը ավելի լավ է հանգսաանում, ծովի ալյաց խաղալիք սրտերը` ավելի ջերմեռանդությամբ են երկրպագում նավահանգստի արարչին… Ապրիր, Ոսկի, ապրիր ինձ համար, և բոլոր խռովությանդ և փոթորիկների ժամանակ թող ղեկավար լինի քեզ այն գիտակցությունը, որ ես հավիտյան պաշտում եմ քեզ…