Սիրելիդ իմ.
Ամսույս 5-ի փոշտով խոստմանս հակառակ քեզ նամակ գրել չկարողացա։ Այդ օրը թե` մի փոքր տխուր և թե` թափառական էի։ Աղայանցին պատահեցի, որ և խոստացավ նույն օրը քո թուղթն ղրկել։ Երեկ երեկոյան գնացի իրենց տուն հատկապես այդ գործի համար։ Նա ասաց, որ արդեն նույն օրը, այսինքն 5-ի փոշտով, ղրկած է քո թուղթն։ Պայմանի մասին ասաց, թե գրել եմ, դասը` 25—30 և թե դու պետք է քիչը աչքի առաջ ունենաս, իսկ մենք շատի համար կաշխատենք և այլն։ Իսկ խոստումը առաջ ինձ այդպես չէր: Նա վճռողաբար 30 էր ասել։ Երևի այն, որ ինձ ուզում էր համոզել որ քիչ գաս վերցնես, այսինքն` 18, այդ 25 ռուբլին ուներ աչքի առաջ, որ այն ժամանակ չհայտնեց։ Բայց, ինչ որ է. այդ գումարը շատ քիչ է։ Տեսնենք գալուցդ հետ ինչ կարելի է ավելացնել։ Կատինկի համար էլ հուսադրում է։ Բայց այժմ ես շատ էլ չեմ վստահանում նրան։
Ինչ կվերաբերի Նուխուն, Սաթունյանցն այստեղ արդեն վարժուհի է վարձել, այսինքն` Թավարբեկյաններին, կին և մարդ. երկուսին 1200 ռուբլով, որոնք շուտով կճանապտրհվին։ Մեկ էլ մի բան կա, որ դուք չգիտեք. Աղայանցն ասում է, որ Նուխուց բանը անհաստատ է։ Այս վարդապետը այսպես մեծ մեծ ռոճիկներով վարժապետներ է վարձում, ծախքի գումարը լրանում է մինչև 6000 ռ. բայց եկամուտ ունին առ շատը 2000. մնացած 4000-ը նա հույս ունի գտնել զանազան երկրորդական միջոցներով. ժողովարարությամբ և այլն (այն էլ այս քեսադ ժամանակը)։ Բայց լավ է, թե միշտ այդ վարդապետը այնտեղ մնա, մեկ էլ տեսար նա ամեն բան թողեց կիսատ և գնաց էջմիածին, նոր եկողն էլ միշտ մի բան շինելու համար նախորդի շինածը քանդում է։ Այսպիսի փոփոխության զոհ դառնողն էլ մի բանի նման չէ, մանավանդ, որ Նուխին կորած տեղ լինելով քո ապագան բոլորովին կարող է կորչել։ Հենց մի երկու տարի էլ այստեղ կորցրիր, վերջը խո պիտի Թիֆլիս գտնվիս. այն ժամանակ մեկ էլ նորից պիտի աշխատես քեզ Թիֆլիսին ծանոթացնելու։.