Թեմականը գրել էր, որ քեզ առաջարկել են 500 ռ. բնակարան, ծաոա և փայտ, այդ շատ էլ պակաս ռոճիկ չէ, մանավանդ Նուխու պես աժան քաղաքում, բայց այս է բանը, որ վարդապետը թեմականին այդ միտքը ծանուցանելուց հետո անմիջապես վարձել է այստեղ Թավարբեկյաններին։ Օր. Մամիկոնյանի մասին էին ասում, որ այդտեղից հրավիրված է, բայց ցարդ ոչինչ չիմացանք, գալիս է, թե եպիսկոպոսը միմիայն խոստացել է Տեր Սարգիս Աղայանցի ճաշին վերա գտնվելուն համար։ Մյուս կողմից էլ իմանում ենք, որ օր. Տեր-Մովսիսյանը մնում է բաս նրան, որ խորշից պիտի դուրս մղեն։ Թեմականը հեռագրած էր, որ Հայրապետ Ղուկասյանցին համաձայնեցնի Աղայանցը՝ 1200-ով այդտեղ տեսուչ գալու համար։ Այստեղեն պատասխանեցին` որ թե 1500 ռ. կտան—նա կգա, դեռ պատասխան չկա այդտեղից։ Եթե Հայրապետը գա, այդ դպրոցի բանը կհաջողվի, տեսնենք:
Ձեր գալու մասին էլ սպասում եմ նամակիս պատասխանին։ Այսօր Աղայանցի հետ պիտի գնանք բնակարան տեսնելու ձեզ համար, գնամ տեսնեմ, կգամ և կգրեմ։
Գնացինք, ման եկանք։ Ուսումնարանի սենյակները զանազան անհարմարություններ ունին, որի մասին այստեղ գալուց կխոսանք. բայց ուսումնարանից մի 100 քայլ հեռու մի տուն տեսանք. շատ հարմար էր. վերի հարկն է. բոլորովին առանձին, 2 սենյակ, մեծ և փոքր, յուր առանձին պատշգամբը, խոհանոցը և այլ հարկավորությունները։ Աղասին այսօր մեզ հետ էր. նա կամենում է մեծ տուն բռնել և ասում է, որ 2 սենյակը կտա ձեզ, բայց թե այս երկու օրը նա յուրը չվերջացրած, հիշյալ երկու սենյակը կվարձեմ, գինը 200 ռ. է ուզում։ Այսքանս ։ Փոշտի Ժամանակն անցնում է, էլ ավելի բան... չեմ կարող գրել, բոլորին էլ հարգանոք բարևներ իմ կողմից։ 21-ին գրած նամակներս և խնդիրներս չգիտեմ ինչ վախճան և ընդունելություն ունեցան, անհանգիստ եմ և սպասում եմ քո նամակին։ Ձեր գալը պիտի լինի օգոստոս 25-ից մինչև 30-ը՝ անպատճառ։ Այսինքն՝ այդ միջոցում այստեղ պիտի լինիք։ Հազար բարև քեզ, ցտեսություն։