Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շտապում եմ փոստի օրը ձեռքից չտալ և գրել քեզ այն ամենը, ինչ որ, գիտեմ կհետաքրքրի քեզ։

Անպատճառ դուն էլ շատ ցավեցիր, որ մեր հրաժեշտ րոպեները այնպես անօգուտ գործ դրինք և, մանավանդ, անհաջող կերպով բաժանվեցանք իրարից։ Ցավալի էր, նույնպես, որ ես ո՛չ մամին, ո՛չ Ազյուն և ոչ Հայկանուշին ու Գուրգենիկին ողջունել կարողացա։ Ինչ արած, այն անիծյալ նամակը պետք էր փոշտ ձգել. ամենասուղ րոպեներին էլ ես սովորություն չունիմ պարտավորությունս զանց առնելը։ Ինչ և իցե, վերջին րոպեները անօգուտ կորան մեզ համար։

Երբ ձեր գնացքը հեռացավ աչքիցս, ես էլ Սպանդարի ու տիկնոջ հետ կառք նստա և ուղղվեցա դեպի տուն։ Այս անգամ քեզանից հեռանալը բյուր անգամ վատ ազդեց ինձ համար, քան անցյալ տարին։ Ընկերներս այդ նկատում էին։ Սեմեյնի այգու մոտ Սպանդարը կառքը կանգնեցնել տվավ և ինձ ստիպեց գնալ միասին ընթրելու։ Ես հնազանդվեցա։ Մենք մի լավ ընթրիք արինք, ձեր բոլորի կենացը խմեցինք, գինու ազդեցության տակ փոքրիկ ճառեր խոսացինք, փիլիսոփայություններ արինք և այլն և այլն, և ապա գնացինք տուն։ Փողոցի դուռը փակ էր և ես նրա գլխովը բարձրացա և մտի մեր տունը, որտեղ դեռ լամպերը վառվում էին… Բայց տեր աստված, ինչպես ծանր էր ինձ համար մտնել այնտեղ, ուր ոչ ոք չէր սպասում ինձ… Բայց մարդիկ միշտ պնդերես են. այս փոքրիկ օրինակով ես հասկացա, թե ինչու ժամանակը ամեն բան մոռացնել է տալիս։ Այն, ինչ որ ծանր է մի քանի րոպե առաջ, հետո դառնում է, թե ոչ հեշտին՝ գոնե տանելի։ Եվ ես քնեցի ամբողջ գիշեր շատ հանգիստ քնով, բայց ամբողջ ժամանակ երազումս քեզ հետ ապրելով։ Առավոտը վեր կացա չգիտեմ քանի ժամին, որովհետև ժամացույցս կանգնած էր 4-ի վերա, բայց երևի շատ էի քնել, որ հանգիստ էի։ Հազիվ ներս մտա դահլիճը և մի քանի բան ուղղեցի, երբ հանկարծ մի մտածմունք եկավ գլուխս, թե չլինի Նիկոլայն այս րոպեին գա և ձեզ բոլորին գնացած տեսնե: Եվ, ո՞վ զարմանք, հազիվ ուղղվեցա դեպի պատուհանը կուլայից մի ցուրտ ջուր խմելու, երբ տեսա Նիկոլային, որ ծիծաղելով մտնում էր բակը։ Ես մնացի քարացած և հիացած