Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իջած երկնքից մարմնով մարդկային։
Հասակը մատաղ, դեմքը վայելուչ,
իբրև ցողածին գարնան առավոտ,
Հայացքը անմեղ, ժպիտը վարդի՝
Աղոթում էր նա շրթամբ պատկառոտ.
Հրաշագեղ աչերն հառած դեպի վեր,
Շուշան դաստակներ սեղմած պերճ կըրծքին,
Տեսա, հիացա, քիչ մնաց ձեռքես
Խնկալիր բուրվառն ընկնում էր գետին…

Կանգ առի հանկարծ. կարծես ականջիս
Երկնային մի ձայն շշնջաց թաքուն՝
— «Մի հանդգնիր դու խանգարել նըրա
Ջերմեռանդ սրտի աղոթքը զեղուն…»։

Եվ արձանացա ես նըրա առաջ
Ինչպես մի ապուշ, անշարժ ու անքայլ,
Աչքերս անթարթ, բերանս կիսաբաց
Դիտում էի յուր դեմքը լուսափայլ։
Եվ ահա շրջեց նա յուր սեգ աչեր,
Նայեց ինձ մեղմով… հուզեց ողջ հոգիս,
Եվ յուր երկնային լուսալիր բբեր
Շանթեր մխեցին խորքերը սրտիս։

Ի՞նչ պատահեց ինձ, չեմ հիշում, հանկարծ
Աղոթող մարդիկ չքացան աչքես,
Լռեցին, կարծես, դպիրք երգասաց
Եվ խոր հառաչանք դուրս թռավ սրտես։
Փոքր մի ևս, և ես ծնկաչոք
Պիտ խոնարհեի գեղանու առաջ
Երկրպագելու այն «հրաշակերտին»,
Որ մեր աշխարհին շնորհել էր Աստված,
Սակայն հիշեցի իմ ահավոր ուխտ.
Դողացի ինչպես անարգ հանցավոր.
Թողեցի տաճարն, ելա սրտաթունդ,
Ինձ լալու համար ընկա լեռ ու ձոր…։