Էջ:Muratsan, vol. 7.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այժմ մի քանի խոսք պրոզայական բաներից։ Այստեղի եղանակը շատ հով և ախորժելի է. ամեն օր, ճաշից հետ, գնում եմ զբոսնելու։ Մեր կանտորը խո հիանալի է, ամենքը ինձ երանի են տալիս։ Երևի այդտեղի ցուրտը նեղացնող կլինի, ոչինչ. ախորժակներդ լավ կբանի։ Գրում ես, թե հարկավոր բաներ շատ ես մոռացել այստեղ. բացի ինձ էլ ուրիշ ի՞նչ ես մոռացել, գրիր, որ ղրկեմ։ Խիզանյանը ուրիշ փոշի չէ ասիլ, երկաթն է ասիլ փոշիացրած, որ միշտ ընդունում ես։ Ապագայի գուշակությունների մասին ես խոսում, թող որ սրանք երբեք չկատարվին։ Ամեն բանից տեղեկություն, որ գրել էի, նրանք էլ թող կորչին, դրանց վերա այնուհետև թող մի խոսք անգամ չլինի։ Ուրախություն, ուրախ կյանք, ուրախ լուրեր, սրանք եմ ուզում ես. դու էլ սրանք ուզիր. ինձ թե սիրում ես, մի օր չթողնես քեզ տխրելու, Միկիչենց համար գրում ես, թե ողորմելի դրության մեջ են, միթե նոր բան կա, այն դրությունը չէ՞, ինչ որ մենք գուշակում էինք, կամ գիտեինք։ Ասում ես նամակը Նիկոլային ադրեսով գրիր։ Վախենում ես, հա՞, թե Տեր-Հովհաննիսյանց գրեմ ազգանունդ. այ չարաճճի, քո միտքը ես էլօրվանից գիտեմ։ Թերթ քեզ համար երեկվա համարից կուղարկվի. տես ինչպես ես հավանում Արգոսի նամակը։ Հայկուհու մասին ինչ լուր ուզում ես գրիր, ուրպիլ կտամ։ Իմ ադրեսը խնդրեմ երկար չգրես։

Սիրելիս, դու ամեն փոստ նամակ մի գրիլ, կամ թե գրում ես կարճ գրի, որ չնեղանաս, գուցե պատահի, որ ես էլ փոստ անցկացնեմ, խնդրում եմ չնեղանաս, առհասարակ, բավական ժամանակ է խլում այս նամակագրությունը, երբեմն խնայվելուց չնեղանանք ոչ ես քեզանից, ոչ դու ինձանից։ Մանիշակին, Կատինկին հազար բարև ասա, ներողություն, որ էլի ձեր նամակի պատասխանը չգրեցի։ Ձեզ մատաղ ասա— ինչ ուզում եք ձեր բաժինը այս նամակից վերցրեք։ Սիրելի Նիկոլային էլ բարևներ և ասա քեզ հաղորդելիք նորություն չունիմ առայժմ, դրա համար նամակ չեմ գրում։ Սիրելի մամին, Ազյուն, Հաքաքին, Երանին, Եղիսաբեթին, Շուշանին, Հեղինեին, Հայկանուշին և այլն, և այլն և այլն։ Հազար-հազար բարև։ Սիրելի Գուրգենիկիս մի այնպիսի համբույր, որ ոչ շրթունքներին դիպչի և ոչ նրանցից պոկ գա, իսկ քեզ թող Կատինկան