Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց չեմ կարողանում քնել և ոչ նստել, և ոչ կարդալ... Վերջապես շորերովս ընկնում եմ մահճակալի վերա, և ինչպես է լինում անուշարար քունը փակում է աչքերս։ Երազումս ես տեսնում եմ քեզ. կարոտալից սիրով գրկում, համբուրում եմ քեզ։ Իմ հարցին թե` Ինչու չես նամակ գրում», դու պատասխանում ես թե «Գրել ու հանձնել եմ Գրիգոր Տեր֊Միքայելյանցին, նա է երևի ուշացրել»։ Եվ իրավ, մի քանի րոպեից հետո տեսնում եմ Գրիգորին, որ բերում և մի մեծ ծրար է հանձնում ինձ... և ուրիշ շատ մանրամասնություններ։

Առավոտը վաղ զարթնելով մի փոքր հանգիստ էի։ Իմ երազներս ինձ երբեք չեն խաբել և ես հուսով դիմում եմ կանտոր, հավատացած լինելով, որ Նիկոլայը, թե հենց երեկ երեկոյան էլ ստացած լիներ հեռագիրս, նա գիշերս կհեռագրեր պատասխանը. որովհետև ես ճանաչում եմ նրա բնավորությունը, որ դանդաղաշարժ չէ։

Բայց ինչ. գալիս եմ և` հեռագիր չկա. անհանգստությունս րոպե առ րոպե աճում է. անցնում մի ժամ, երկու, երեք, չորս և այլն, չկա ու չկա։ Մի գործ եմ սկսել շինելու. դա իմ փորձակշիռս է. ուրիշ անգամ այդ աշխատությունը 2 օրվա մեջ չեմ վերջացնում, բայց այս անգամ ես մեքենայաբար վերջացնում եմ նրան երկու ժամում, և զարմանալին այն է, որ բոլորովին ճիշտ, չնայելով որ մի րոպե անգամ հաշվի վերա չեմ մտածել։ Հետո սկսում եմ ուրիշը, հետո երրորդը, որ ինչ է ժամանակս շուտով սպանեմ, բայց գնալով մտատանջությունս սկսում է ավելանալ, պուկս կամաց կամաց կուչ է գալիս, գլուխս սկսում է սառչիլ, անզգալի կերպով շատ շուտ հառաչանքներ են դուրս թռչում կրծքիցս... և թե ինչեր, ինչեր եմ երևակայում, աստված հեռու արասցե նույննիսկ իմ թշնամաց... Այս միջոցին հեռագրատան ցրվիչը մտնում է կանտոր... սիրտս այնպես թունդ ելավ, կարծես թոքերս պատռվեցան, շուտ վայր եմ իջնում տաբուրետկայից խլում եմ հեռագիրը... Բայց ով հուսախաբություն, հեռագիրը ինձ վերա չէր, այլ կանտորի վերա... ձեռքերս դողացին և ես սրտաբեկ ետ ետ եկա և ընկա աթոռի վերա... մի քանի րոպեից բանկ գնալու գործ պատահեց, «այս լավ եղավ մտածում եմ ես. «կերթամ փոստն էլ» և չնայելով, որ այսօր