Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ, խաղաղ սրտով էլ անց եմ կացնում ժամանակս և հուսալիր սպասում այն սիրուն օրին, երբ ես քեզ կդիմավորեմ երկաթուղվո կայարանում, ամուր, ամուր կսեղմեմ կուրծքիս վերա և երեք պինդ, շատ պինդ համբուրով կողջունեմ քո գալուստը։

Այսպես, ուրեմն, սիրելիս, ես շատ հանգիստ և խաղաղ կյանք եմ անցուցանում, պարապ ժամերս էլ միշտ քեզ նվիրելով։ Ինձ համար դու մի րոպե անգամ մի մտածիր, որովհետև դա բոլորովին անտեղի է։ Այս անգամի անհանգստությունս նամակիդ ուշանալուն համար էր և շատ իրավացի, որը և հեռագիրը ստանալուն պես անցավ: Ուրեմն որքան կարող ես ուրախ, հանգիստ անցրու ժամանակդ, մինչև որ կհասնե սեպտեմբերը և այդ ամսի առաջինին դուրս կգաք Շուշուց, որովհետև չեմ ուզում, որ բոլոր վայելածներդ այն անգամի նման տուժեք։ Թեպետ այժմյանից արդեն լավ հով է Թիֆլիսում, բայց այդ հովն էլ մի քանի օրով է լինում, մյուս օրերը էլի շոգը թագավորում է։ Վախենում եմ թե սեպտեմբերից առաջ գալով շոգի հանդիպեք, որը կարող է վնասել թե ձեզ և թե երեխային։

Նիկոլայի համար ինչ որ գուշակում էի ես ինքս ինձ, նույնը գրում ես այժմ դու, բայց ինչ արած...հանգամանքները այնպես էին դարսվել, որ այդտեղ պիտի հասներ գործը։ Ես ուզում էի ասել քեզ, Ոսկի, մնացեք, այսպես բան կարող է լինել... Բայց մի կողմից ձեր շոգին չդիմանալը և մյուս կողմից Նիկոլային գրելը, թե «Ինձ չսպասեք, ամառանոց գնալի են թող գնան և այլն», ինձ թուլացրին։ Բայց այդ բանի համար էլ ուզե խոսելն. աստուծով գալուց ես անդով ձեռք կզարնենք գործին։ Այն աղջիկը, որի համար գրում ես, դեռ հոր հետ գտնվում է Կոջորում, նրան տեսնել դեռ չեմ կարող, բայց գալուց հետ պետք է դամբր գցենք. տեսնենք ինչպես կհաջողվի։ Մի ուրիշ աղջիկ էլ կա էլի փողով. Նիկողայոս Տեր Հակովբյանցի (որը մի անգամ պանսիոն էր պահում) եղբայր քահանայի աղջիկը: Սրա համար էլ Միրզոյանցն էր ասում. բայց իրեն աղջկանը տեսած չեմ։ Քույրը տեսել եմ բավական գեղեցիկ է և մեր (երբեմն) Մանչեստրո կոմիսիոների կինն է։