նկատես, թե մինչև անգամ նա լինի։ Հո գրածն էլ, գիտեմ, կատակ է, բայց այդ կատակի տակ պահված է մի երակ, որի ծայրը սրտումդ է հանգչում… Հոգեբանի աչքից չի ծածկվիլ այդ աներևույթ մատնիչը…։ Բայց ես քեզ ներում եմ, իմ չարաճճի, որովհետև իմ սիրտը այնքան քնքշությամբ լի է դեպի քեզ, որ չեմ կարողանում խիստ խոսքեր գործ ածել քեզ նախատելու համար։ Բայց ինչ, միթե մինչև անգամ կարող եմ մտածել, թե կարելի է նախատել թեզ, որին միմիայն պաշտելու և երկրպագանելու համար է ստեղծել աստված։ Չէ, Ոսկի, չէ. ես երբեք չեմ մտածում քեզ վիրավորելու և մինչև անգամ քեզ մի որևէ սխալ վարմունքի մեջ մեղադրելու, այլ այդ տեսակ խոսքերը դուրս են գալիս իմ գրչից կամ կատարյալ պարզասրտությամբ և կամ խրատելու եղանակով։ Եվ ինչ, մի՞թե չեն պատահում դեպքեր, երբ իմ խրատականը քեզ անհրաժեշտ է լինում։ Գոնե ես ազատ կխոստովանեմ, որ ես շատ անգամ կարոտում եմ քո խրատներին և ես կկամենայի, որ դու այն աստիճան զարգացած լինեիր, որ քո հանապարհզորյա խրատներով ու նկատողություններով ինձ առաջնորդեիր. ըստ որում ես այնքան դեռ անկիրթ և սակավագետ եմ, որ մի փորձված ուսուցչի կարոտություն ունիմ։ Պետք է սովորել, սիրել նույնիսկ նախատինքը, թե նա արդարությամբ է տրվում մարդուն։
Բայց ես հեռու գնացի.— ես կամենում էի մի ուրիշ բան ասել քեզ։ Տեսնում ես, հոգիս, դու իսկույն թուլանում ես, երբ մի անախորժ խոսք ես կարդում իմ նամակում և դու իսկույն պատրաստ ես վճռելու այնպիսի քայլ, որ գուցե հետո կտանջե քեզ։ Բայց այդպես չպետք է կառավարել զգացմունքները. նամանավանդ կինը պարտավոր է խիստ զգուշավոր լինել յուր սրտի հրամանները կատարելիս։ Եվ գիտեմ ինչու.— որովհետև տղամարդկերանց բախտը կնոջ ձեռքումն է. կինն է, որ ոգևորում է մարդուն, կինն է, որ լքուցանում է նրան, կնոջ բնավորությունը առաձգական է. մարդունը՝ բեկանուտ. ուրեմն կնոջ պարտավորությունը միայն սիրելը և յուր զգացմունքները կառավարելը չէ, այլ և մարդու հոգուց վերա իշխելը և նրա զգացմունքները կառավարելը։ Կինն է, որ կարողանում է հասարակ մարդուն առյուծ դարձնել