Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև այս նամակի համար էլ կարճ է ժամանակը, պետք է կլուբ գնամ (պատճառը կասեմ իսկույն), ուստի աշխատում եմ մի քանի համառոտ կետեր միայն շեշտել։

Առաջին նամակդ, որին բանաստեղծական քնքշությամբ էի սպասում, ինձ շատ վիրավորեց. նրա մեջ ես չպատահեցի գոնե մի քնքուշ խոսքի, կամ գոնե մի քնքուշ բառի: Մեղադրանք, դատապարտություն, սպառնալիք... ահա այդ նամակի բովանդակությունը։ Ճշմարիտը խոստովանած, ես գոհի էի, որ հարսանիք գնալու ժամանակը չստացա, այլ մյուս օրը, որովհետև այդ երեկոն գոնե ես խաղաղ սրտով շարունակ դեպի քեզ էի թռչում և ամեն մի բաժակ շրթունքներիս դիպելուց քո անունն էի հիշում, մինչև անգամ, երբ Արսենը քո սիրած հեյթին հնչեցնում էր, ես նայում էի քո գեղեցիկ աչքերին և արտասվում—քո հեռավորությունդ հիշելով ափսոս չէր, որ այս վայրկյանները, սիրով, բանաստեղծությամբ և հափշտակությամբ լի վայրկյանները տեղի չունենային… Ահա թե ինչու գոհ եղա ես, որ քո սուր ու ցակատ նամակը մյուս օրը ստացա։

Բայց, իհարկե, դու չպետք է կարծես, թե ես չեմ վշտակցում քո նեղություններիդ, մանավանդ որ դրանց բոլոր ծանրությունը իմ անմեղ հրեշտակներս են տարել, սակայն կա մի պայման, որ չպետք է անուշադիր թողնել, ախր չէ՜ որ հիմա դուք մոռացել եք ձեր քաշած նեղությունները, իսկ նրանք դեռ տանջում են ինձ. և, եթե արդարև, ես այնքան մեղավոր եմ, որ արժանի լինեմ այս ծանր մտատանջություններին. թե մի սխալմունք գործվում է ոչ դիտմամբ, դրա համար այնքան էլ խստությամբ չեն պատժում... Բայց, ինչ որ է, արժե, որ ես ներողություն խնդրեմ իմ հանցանաց համար, որի մեծ մասը Ավագի շլնգին պետք է բարձել, որովհետև անիծյալ ֆուրգոնը նրա հիշածն էր, թե չէ մենք դրա վերա չէինք մտածում։

Ինչ որ է, վերջ դնենք այս մեղադրական ակտին. ես կամենում էի սրա առթիվ մի քանի խորհրդածություններ անել, բայց ժամանակ չկա. մնաց միայն անցած նորություններից հիշենք մի քանի բան, որոնք գուցե կհետաքրքրեն քեզ։

Հովհաննեսի հարսանիքը տեղի ունեցավ միջակ շնորհքով,