Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չափ թուլացնող եղանակավ։ Վերջին նամակիդ մեջ քո գործած մի բառը, որի մասին ես շուտով պիտի խոսեմ, ինձ կատարելապես իրավունք է տալիս հավատալու, որ դու երբեք, գոնե գնալու օրիցդ մինչև այժմ այն զգացած դրության մեջ չես գտնվել, որի մեջ ես ամեն օր եմ, հետևապես դժվարությունը կարող ես ըմբռնել իմ հիշած զգացմունքների և նրանց իմ մեջ դարբնող անհանգստությանց ինչ լինելը։ Ճշմարիտ է, կար մի ժամանակ, որ իմ յուրաքանչյուր ակնարկության մեջ դու կարդում էիր իմ բոլոր սիրտը և իմ զգացմունքների հարուստ սիրախոսությունները, բայց այժմ նշաններից արդեն երևում է, որ դու հոգնած ես և քիչ է մնում, որ ինձ էլ ընկերացնես քեզ: Իմ խոսքերի բացատրությունը երևի սպասում ես, այնպես չէ՜, ուրեմն սկսենք։ Առաջին նամակումդ գրել էիր ինձ. «Ես վճռել եմ մանրամասն գրել քեզ Գուրգենիս և Ռուզանիս տանջանքները, որ դու էլ դրանով նեղանաս քո հանցանքի փոխարեն— իհարկե, չեմ ասում, թե այն անտարբերությամբ կկարդաս ինչ անտարբերությամբ մեզ ճանապարհեցիր ոչինչ չես զգալ…»: Այս խոսքերը կարդալուց ետ, իրավունք ունեի սպասել քեզանից շատ մի բանաստեղծական գրությանց, իբրև մի կնոջից, որ այնքան բծախնդրությամբ հետևում է յուր ամուսնու նայվածքներին, և, երբ տեսնում է, թե` վագոնը հեռանալու միջոցին, պատահմամբ այդ ամուսնու աչքերը ուրիշ տեղ են նայում և ոչ թե յուր սիրելի կնոջ աննման աչքերին՝— նա իսկույն նրա սրտի մեջ անտարբերություն է նշմարում… (ճշմարիտն ասա, այս վայրկյաններին չե՞ն վերաբերում քո խոսքերը, ես կամենում եմ որ գրես)։ Բայց այսպիսի նկատողությունից ետ, ով զարմանք, այդ կինը յուր 3-րդ նամակը վերջացնում է այս խոսքերով. «էհ, էլ ինչ գրեմ, հոգիս, ինչ որ կա, կա, էլի՛ սուտ չեն ասում, պառավել ենք… բոլորովին ուրիշ բաներ են զբաղեցնում… (երևի քեզ)։ Այս խոսքերը կարդալուց ետ` ինձ մնում է այսպիսի մի եզրակացության գալ, երբ դու ինձ մոտ ես, իմ անձնավորությունը զբաղեցնում է քեզ. դու հետաքրքրվում ես իմ զգացմունքներով, իմ անտարբերությամբ… Բայց հենց որ հեռանում ես, մենք պառավում ենք, էլ բան չկա ինձ գրելու, էլ ուրիշ հարցեր են