Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զբաղեցնում քեզ, այս ցավալի է․ ուրեմն դու արդարացնում ես հայի հին առածը «աչքից հեռի` սրտից հեռի», բայց ես, տիկին, մի փոքր ուրիշ կերպ եմ հասկանում հեռավոր և մերձավոր սիրո խաղերը։ Երբ դու ինձ մոտ ես, ես արդեն հանգիստ եմ․ իմ զգացմունքները կանոնավոր են․ ես չեմ շտապում և չեմ դանդաղում․ բայց հենց որ դու հեռանում ես, ես նմանում եմ մի մարդու, որի գանձը հանել տարել են հեռու աշխարհ, հրամայիր նրան չմտածել, չվախենալ և չդողալ․ բնությունը յուրը տանում է․ նա կորցնում է յուր հանգստությունը, նրա ճակատը կնճռվում է, ուրախությունները տեղի են տալիս մելամաղձոտությանը և ամեն ինչ նրա համար մութի մեջ է… Ահա ես։ Ամեն մի վայրկյան ես անհանգիստ եմ քեզ համար, ամեն մի դիպվածք` նոր մտածմունքներ է ծնեցնում իմ սրտում, նոր զգացումներ բորբոքում, նոր տրամադրության մեջ ձգում ինձ։ Այսպիսով, ես մի ուրիշ առած եմ ճշմարտացնում (որը դեռ գործածության մեջ չէ)— «աչքից հեռի` սրտին մոտիկ»․ իհարկե դժվար է պահանջել կնոջից` մարդիկներին հատուկ ամուր զգացմունք` կյանքի փորձությունների մեջ, բայց որ կինը մարդուց ավելի շուտ դադարե սիրելուց, այն նրան պատիվ չէ բերում։ Այսուհետև ես քեզ պառավ կանվանեմ, բայց քո պառավել ենք խոսքի մեջ խնդրեմ ենք վերջավորությունը եմ-ի փոխես և գնաս մի անկյունում նստես ու գուլբա գործես․ ես չեմ պառավել, ես դեռ նոր եմ սկսում սիրել, ինչո՞ւ համար ես ինձ հուսահատեցնում։ Չեմ հասկանում ինչի մեջ է պառավելու նշանը երևում։ Քո գնալու աոաջին վայրկյանից սկսած մինչև այժմ ես կատարելապես միայն եմ, շուրջս անապատ, թե տան մեջ, թե դուրսը։ Ոչ մի ընկերությունը ինձ չէ զբաղեցնում, ոչ մի նորություն ինձ չէ հետաքրքրում, գալիս եմ տուն չգիտեմ ինչու համար, գնում եմ դուրս նույնպես չգիտեմ ինչու․ ամեն տեղ դատարկություն, ամեն տեղ քուն և մահ, ահա իմ տեսածս։ Մինչև այժմ, ճշմարիտ է, գտնվել եմ մի քանի հետաքրքիր հասարակության մեջ, օրինակ, մի հարսանիքում, մի նշան գրերում և ահա, երկու օր է, Կոջորում․ բայց ամեն տեղ էլ ես քո հետքերն եմ պրպտում․ հարսանիքում զմայլված լսում էի երգը և թառը, բայց հենց որ մտածում էի, որ