Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի բանով մխիթարվում ես, և հարցնում ես ինձ, թե այդ ինչքան է, թե գիտեմ, գրեմ, թե ոչ դու մյուս փոստ կգրես։

Ոսկի, սկի չեն հարցնում, թե այդքան ի՞նչ եք գրում իրար և դու ի՞նչ ես պատասխանում։

Իմ անուշիկ Ոսկի.

Այս րոպեին ես այնպիսի հոգեկան տրամադրության մեջ եմ, որ քեզանից զատ ուրիշ ոչնչի վերա մտածել չեմ ուզում։ Բոլորովին հոգի և բոլորովին սեր… Ահա թե ինչ եմ ես։ Այս հափշտակության և հոգեզմայլման վայրկյանները ես չեմ կամենում, որ աննշան անցնին և կամ շատերի պես մոռացության անդունդը գլորվին։ Եթե այժմ ինձ մոտ ունենայի իմ հիշատակարանը, ես նրա մեջ կարձանագրեի գեթ մի մասը այն բոլորին, ինչ որ զգում եմ այժմ. բայց որովհետև նա չկա, ուստի քեզ կգրեմ մի քանի տող որպեսզի նրանցով քեզ էլ մասնակից անեմ Սիրո այն քաղցր և քնքույշ դողահարությանը, որը սրտիս մեջ հնչեցնում է նույն ինքն Սերը—Սիրո թելերից հյուսած քնարի վերա… Ապրել և և զգալ, որ սիրում ես—ահա ճշմարիտ երջանկությունը։ Ես հակառակ իմ այն տեսության՝ որ սերը երջանիկ անելու համար պահանջում է, որպեսզի նա երկուստեք լինի։ Բնավ․ ես հակառակ եմ միշտ այդ փիլիսոփայության։ Եթե կան թույլ սրտեր, որոնք պահանջում են, որ սիրվին-նրանք էգոիզմի արտադրություններ են։ Ով կարող է սիրել և միևնույն ժամանակ զգալ, որ յուր սիրո առարկայի անտարբերությունը կամ անգիտությունը թուլացնում է յուր մեջ սիրելու ուժը— նա չէ սիրում, նա սիրտ չունի, նա մի էգոիստ է։ Քանի քանի անգամ ես կրկնած եմ միևնույն խոսքը— թե սիրում եմ քեզ, բայց ինչու երբեք չեմ հարցրել, թե սիրում ես ինձ: Սա հոգեբանապես ապացուցանում է այն, որ սիրելու հատկությունը գոյություն ունի իմ մեջ առանց անպատճառ սիրվելու ցանկության։ Գոհ ես դու այս հատկությամբս, թե ոչ, չգիտեմ բայց կցանկանայի, որ դու էլ այն զգացմունքներով առաջնորդվեիր, որպիսին ես եմ։ Եվ, երբ երկու կողմը հավասար ուժով սիրելու են ձգտում, այդ երկու կողմն էլ հավասար