համար նա իրավունք և բնագիրը խնդրեց. ես դեպքից օգուտ քաղել ուզելով՝ առաջարկեցի քո դպրոցի օգտին 50 ռ. տալ և նա համաձայնվեցավ։ Նրանից թուղթ ստացա դրա համար, որ և ներփակում եմ նամակումս։ Կտաս Սամսոնին նամակիս հետ միասին և կխնդրես, որ նեղություն կրե ներկայացման երեկոյին ստանալ այդ 50 ռուբլին պիեսի հետ միասին։ Զգուշացրու նույնպես, որ Պետրոսյանցը երդվյալ ղոկ լինելով՝ կարող է խաբել կամ ուշացնել, թե նույն երեկոյին փողը չտա, կարող է նաև ներկայացումը արգելել տալ, դրա համար բավական է պոլիցիային հանձնել իմ ստացած ստորագրությունը։
Մամին-Ավետին-Հայկուշին բարև. մամին ասա ներողություն, Կատինկի վերա գրածդ Մուշտեիդում այսօր կորցրել եմ։ Այս առավոտ նամակդ փոշտից ստանալով և կարդալով՝ գնացի Մուշտեիդ զբոսնելու. գեղեցիկ եղանակ էր, կամենալով նորեն կարդալ նամակդ (և մանավանդ այդ միջոցում տիկին Միրիմանյանին պատահելով և մի փոքր խոսակցելով...), ինչպես պատահեց Կատինկի նամակը ալեյներց մինում վայր ընկավ։ Եվ, իհարկե, բովանդակությունը նրանց հայտնեցի։ Մուշտեիդը հրաշալի է այս օրերում. այնտեղ Կատինկենց և Մանիլենց հետ Օրթաճալա էինք—Ճաշից ետ։ Ես, իհարկե, ոչ մի տեղ ուրախ չեմ լինում առանց քեզ. ինձ համար դեռ գարուն չկա. իմ գարունը սպասում եմ Բաքվից՝ ամսույս 28-ին. հարկավ այդ օրը նա քո կերպարանքով կգա։ Ավելորդ եմ համարում ասել, որ Ավետը հետդ պիտի լինի, հակառակ դեպքում քեզ ետ կդարձնեմ։
Սարիկից միամիտ կաց. շատ լավ է. այս երեք օրս նրա ծծմոր հետ միասին Կատինկենց տան հյուր էր: Երախի ծաղիկն էլ, մոռացա ասել, որ շատ լավ հանեց և լավ վերջացավ։
Զատիկը ինձ համար շվաքի նման անցավ. առանց քեզ մի օրս չլինի. ոչ մի բան ինձ չէ զբաղեցնում. ամեն տեղ ինձ որբ և միայնակ եմ զգում. եկ, եկ, իմ շունչ, իմ կյանք, իմ ուրախություն, իմ երջանկություն, իմ երկինք և արքայություն, չարաչար սպասում եմ քեզ, եկ որ ապրեմ, եկ որ կյանքի քաղցրությունը ճաշակեմ...