Քրիստոս յարեաւ ի մեռելոց.
Իմ ի սրտե սիրեցյալ
Աննման Ոսկի.
Քեզ ունենալ և ուրախ չապրել, Քեզ սիրել և երջանիկ չլինել այդ միևնույն է, թե հարուստ լինել և աղքատության մեջ տանջվիլ: Այսպիսի դրություններ չկան գոնե սիրող սրտի և քնքուշ հոգիների համար։
|
Հիշեցի Պեշիկթաշլյանի յուր սիրուհուն ուղղած այս երգի կտորը, երբ 17-ի նամակդ ստացա։
Շնորհակալ եմ, դու այն ես, ինչոր էիր. ինչ որ սիրեցի դեռ պատանի ժամանակս, ինչ որ պաշտեցի մինչև այսօր։ Երբ սիրտդ խոսում է, ես զմայլվում եմ, որովհետև նա խոսում է այնքան անկեղծ, որ դժոխքը միայն կարող է արատավորել նրան։ Դու սիրում ես ինձ, և այդ սերը անվտանգ պահելու համար դու պատրաստում ես մինչև անգամ զոհել բնությանդ ամենաքնքուշ ծաղիկը—բարիք գործելու վսեմ ձգտումդ. ես հավատում եմ, բայց ես թույլ չեմ տալ, որ առաքինի կնոջ ճակատից այդ գեղեցիկ գոհարը վերանա։ Մի՞թե ես այդ մարդն եմ, մի՞թե ես այդպիսի սիրտ ունեմ, չէ որ այդպիսի հրեշի դու սիրել չէիր կարող։ Ով որ ընդունակ է բարիք գործելու և խնայում է յուր ուժերը, նմանում է անդունդի վրա կախված ծառին, որի պտուղները մարդկանց համար անօգուտ՝ փտում են միայն անդունդի խորքերում։ Ոչ. բախտը ինձ մի անզուգական հարստություն է պարգևել, ես նրան անօգուտ չեմ վատնիլ. ճակատագիրը ինձ մի լուսատու աստղ է պարգևել ես նրան չեմ խավարեցնիլ, խավարը ինձ երբեք սիրելի չէ եղած, բայց կպահանջեմ, որ այդ հարստությունն ու աստղը ինձ ընկերանան, որպեսզի միասին գործենք։ Իմ հարստությունն ու աստղը դու ես, իմ անգին Ոսկի, մոտեցիր ինձ, մոտեցիր այնքան, որ քո շունչը ես լսեմ.