Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խաղաղությունը վեր ի վայր շրջող կաթոլիկ կղերի արարքներով։ Բայց դա մոլորություն է և ճշմարտության անխիղճ հեղաշրջում»։

Կաթոլիկությանը Մուրացանը շատ անողոք է քննադատել, նույնիսկ առանձին դեպքերում այն հասցրել է ծայրահեղության։ Բայց Մուրացանի դիրքը և վերաբերմունքը արդարացի է եղել, որովհետև նա կաթոլիկությանը, իրավամբ, համարել է ազգապառակտիչ, կենտրոնախույս ուժ և ամեն տեսակի միսիոներներին՝ «լուսավոր» պետությունների գործակալներ։ Դրականը և այն է, որ Մուրացանը անխնա քննադատել է տգետ, որկրամոլ, ծույլ, արծաթապաշտ և մորթապաշտ հոգևորականներին, նրանց դասելով այնպիսի ցեցերի շարքը, ինչպիսիք՝ են վաշխառուները, ցարական պաշտոնյաները և այլն։ Բնորոշ է նաև այն, որ Մուրացանի երգիծական տաղանդը իր ուժի զորությունը բացառիկ ուժով է դրսևորել արգահատելի, խավարապաշտ և շահամոլ հոգևորականության նկատմամբ։ Այդ ցայտուն է արտահայտված նրա գրեթե բոլոր գործերում, այդ թվում և գյուղը պատկերող երկերի մեջ։ «Նոյի ագռավի»՝ Տեր Մակուչը, «Առաքյալի»՝ Տեր Վանին և Սեվանի աբեղաները երգիծական հաջողված կերպարներ են։ Ընդհանուր եզրակացությունն այն է, որ Մուրացանը քննադատական խիստ վերաբերմունք ունենալով հանդերձ դեպի տգետ և եսասեր հոգևորականությունը, հետևողական չէ իր քննադատության մեջ։ Նա նույնիսկ ներթողում է «լուսավոր» հոգևորականությանը և գերագնահատում է կրոնի ու եկեղեցու դերը առաջադրելով վերջինիս բարեկարգման խնդիրը։

Բայց այս ամենը պետք է մեկնել ու գնահատել բացառապես պատմական մոտեցման սկզբունքով։

«Խորհրդավոր միանձնուհի» վիպակի գաղափարական բովանդակության «վերծանման» իսկական բանալիները գրվածքի բնաբաններն են։ Առաջինը վերաբերում է այն բանին, որ մահկանացուին անմահացնողը ժողովրդի օգտին կատարած վեհ գործն է, հետևաբար անհատի կյանքը ընդհատվելով չի դադարում մարդկային զարգացումը, այլ շարունակվում է, սերունդները փոխարինում են միմյանց հարատևորեն և անվախճան կերպով նաև նրանց ազնիվ գործի հիշողությամբ։ Ծնունդն ու մահը զուգահեռաբար և միաժամանակ շարունակում են իրենց ընթացքը և միշտ ծնունդը՝ կյանքը հաղթում է մահվան։ Աննան կնքում է իր մահկանացուն համաձայն իր ուսուցչի քաղցր պատվերի՝ «մեռավ ցորյանն, զի բազում արդյունս արասցէ…»։ Վիպակի երկրորդ բնաբանը խիստ որոշակի է արտահայտում վիպասանի հայացքը անձնազոհության դաստիարակության մասին, որը իր լայն դրսևորումն է գտել վիպակում, առաջին էջից մինչև վերջինը ներառյալ։ Մուրացանի գովերգած, վերը հիշատակված, անձնազոհության դաստիարակությունը բարձր նշանակություն ունի, որովհետև հասարակության համար օգաակար գործեր կատարելու, մասնավորապես նրա լուսավորությունն ու կրթությունը առաջ մղելու նպատակի իրականացմանն է ծառայում։ Անձնազոհությունը ներգործելու մեծ ազդակ է, դրական արդյունքների բերող կարևոր գործոն։ Մուրացանը հետևողական կերպով հետամուտել է իր այդ ըմբռնման ճշտության ապացուցմանը։ Մի