Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմից, նա ցանկացել է ընդգծել անձնազոհություն դաստիարակողի՝ ուսուցիչ Գարեգինի կատարած դերի բարձր նշանակությանը ի դեմս նրա դաստիարակյալի՝ Աննայի անշահախնդիր գործունեության, որ կատարել է հօգուտ հասարակության, իսկ մյուս կողմից՝ Աննայի լավագույն դաստիարակություն ստացած լինելու շնորհիվ հասարակության մատուցած ծառայությունների համար իրեն բարոյապես լիովին վարձատրված զգալու բավականությունն ու սեփական գործի անմահության գիտակցությունը։ «Ինքնապաշտ ժամանակում», երբ տիրապետում է անձնասիրության պաշտամունքը, Աննաների անձնվեր գործունեությունը հակադրություն է եսամոլ տարրերին: Աննան «հասարակաց բարվույն» ծառայում է մոռացած անձը և անհաղորդ փառքի ձգտմանը: Աննան անհամակիր լինելով քաղաքին և ուխտ ընդունելով գյուղում գործելու, շարունակ իր մտորումների մեջ սուզվելու, մխիթարվում է այն գիտակցությամբ, որ իր գործած մեջավայրում՝ գյուղում անձեռնմխելի կերպով պահպանվում է գանձերի գանձը՝ «սրտի անկեղծությունը»: Գյուղում նա տեսնում է անխարդախ մարդուն, գործում է նրա համար վայելում է նրա ազնիվ բարեկամության ու ընկերակցության քաղցրությունը: Բայց նա միաժամանակ թախծում է և դառնանում այն բանի համար, որ զմայլելի ու գեղեցիկ բնության գրկում ապրող «խաղաղակյաց» աշխատավոր ժողովուրդը ակամա դատապարտված է ավազակների ու մարդասպանների հետ կողքեկողքի ապրելու և կրելու անողոք ճակատագրի ծանր հարվածները։ Գյուղացին, «ամբողջապես կազմված է կարիքներից»։ Նրան ճանաչելու համար անհրաժեշտ է ապրել նրա ընտանիքում, տեսնել և շոշափել նրա աղքատությունը, ներկա լինել դաշտում, նրա կրած տանջանքներին և չափել այդ տանջանքների գնով ձեռք բերած արդյունքի չնչին արժեքը, որպեսզի կարող լինի մարդ գաղափար կազմել գյուղացու կարոտությունների մասին»։ Այդ դրությունից միակ ելքը Աննան տեսնում է ցավերը մոռանալու մեջ, որքան թշվառ կլինեինք մենք,- ասում է քույր Աննան,— եթե մոռանալու ընդունակություն չունենայինք։ Արդարև կան ցավեր, որոնց չպետք է մոռանանք, բայց որքան շատ են այն վշտերը, որոնց եթե չմոռանայինք, կյանքը մեր համար կդառնար դժոխք»։ Ծանր հոգսերին ու մեծ ցավերին դիմադրվելու ձգտումը տեղի է տալիս մոռանալու միջոցով համակերպվելուն, համբերատարությանը։ Աննայի գործունեությունն իր բովանդակությամբ և բնույթով կրթական, լուսավորական ու մարդասիրական է։ Այդպիսի գործունեության առաջմղիչ ազդակը անձնուրացությունն է՝ հայրենասիրության կրակով ջերմացած։ Շուրջ քսան տարի գյուղում հասարակության համար կատարած լավ գործերի համար, Աննան վերին աստիճանի սիրված է գյուղի բնակիչներից։ Գյուղացիք այդ ազնիվ գործչին համարում են «խաղաղության հրեշտակ», իրենց «բարերարուհին», ու «մեծ հերոս»։ Քույր Աննայի խոսքի ու գործի միջև չկա ոչ մի հակասություն։ Դրա համար էլ նրան խորապես հավատում են և անսահման վստահում։ Այն, ինչ ասվում է Աննայի շուրթերով և խոստացվում է նրա կողմից տարակույս չի հարուցում, ընդունվում է ճշմարտության տեղ։ Նրա մասին գյուղացիք ասում են.