Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետև այն խիստ կարևոր էր ազգաձուլման վտանգից ժողովրդին զերծ պահելու գործում։ Ազգային երկպառակությունների կասեցման ուղղությամբ պայքարելու զորեղ կռվանը նաև հաստարմատ և անսասան ընտանիքն է։ Այդ բանը առանձնապես հրամայական անհրաժեշտություն էր և նրանով, որ ցարիզմը և սուլթանիզմը վարում էին հայակուլ քաղաքականություն, որը մահացու սպառնալիք էր։ Վտանգը ավելի մեծ էր վերին խավերի համար, որոնք վարում էին ցոփ կյանք խոտորվում էին օտարամոլության և ազգուրացության ուղին։ Մուրացանը այն համոզման էր, որ ընտանեկան գժտությունը և անհավատարմությունը ամուսնական առագաստին առավել վտանգավոր են բարձրաստիճան գործիչների համար։ Այդ նկատառումով էլ Աշոտ Երկաթի հասցեին նրա քննադատությունը շանթալից է. «Եթե այսքան վնասակար է հանդիսանում ազգի և հայրենիքի համար հասարակ ժողովրդի ապականյալ ընտանիքները, որքան ևս առավել (վնասակար ու կործանիչ կարող են լինել իշխող կամ տիրող անձանց ընտանիքները, եթե արատավոր են նրանք։ Ձեզ օրինակ Աշոտ Երկաթի ընտանիքը… որքան ցավերի, արտասվաց և հեծության պատճառ դարձավ այդ հզոր դյուցազնի մարդկային մի թուլությունն յուր ընտանիքում, որքան վնասներ պատճառեց նույն այդ թուլությունն ընդհանուր հայրենքին…»։ Գլխավոր եզրակացությունը Գևորգ Մարզպետունու այս հայրենասիրական պատգամից և Աշոտ Երկաթի հասցեին արած ամբաստանությունից, անկախ նրա միակողմանիությունից, որ բխում է հեղինակի իդեալիստական պատմահայեցողությունից, պետք է լինի այն, որ Մուրացանը առաջնակարգ նշանակություն է տալիս ընտանիքի դերին և անբասիրություն է պահանջում ամուսնական փոխհարաբերություններում։ Ինքնին հասկանալի է, որ Աշոտ Երկաթի «մի թուլությունը» չէր կարող այդքան զայրացնել և ցավ պատճառել Մուրացանին, եթե դրա հիմքում ընկած չլիներ նաև անցյալ դարի 90-ական թվականների ազգային գործիչների նույնպիսի թուլությունների քննադատության անհրաժեշտությունը։ Մուրացանն իր այդ քննադատությամբ ձեռնոց էր նետում ժամանակակից իշխող և բարձրաստիճան անձանց ու նրանց ընտանիքներին, ծաղկելով դրանց արատներն ու թուլությունները հանուն աշխատավորական լայն զանգվածների ընտանեկան սրբությունների անաղարտության և բարոյական մաքրության։

Մուրացանի խոր համոզմամբ ազգության հզորության իսկական առհավատչյանը՝ միաբան սիրով զոդված ամուր ընտանիքներն են։ Լավագույն և օրինակելի ընտանիքը Մարզպետունու ընտանիքն է։ Մարզպետունու ընտանիքում ամեն ինչ ներդաշնակ է և սրտահաճ։ Ընտանիքի ամրության և անխորտակության, անքակտելի կապի հիմքը՝ ջերմ սերն է հայրենիքի հանդեպ և դրանով զորացած ընտանեկան սերը և միաբանությունը։ Գևորգ Մարզպետունու ընտանիքը հակադրված է Աշոտ Երկաթի ընտանիքին։ Շնորհիվ այն հանգամանքի, որ Գևորգ Մարզպետունու ընտանիքում իշխում է մաքուր և անկեղծ սերը և դրանով պայմանավորված միաբանությունը, այդ ընտանիքը իր մեջ ամփոփում է այն