Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անապահով գյուղերի բնակիչները իրեն Մելիք Սարգիս-ջան, Ալլահվերդի Յուզբաշի գլխավորների հետ Սևանի կղզին գալով՝ ամրանում են այդտեղ։ Թշնամին բոլոր նահանգը ժողովրդից թափուր գտնելով՝ դիմում է Սևանի կողմը։ Նա հասնում է այդտեղ հունվարի 5-ին, այն է Քրիստոստ Ծննդյան ճրագալուցի երեկոյան, երբ բոլոր ժողովուրդը Սևանի եկեղեցիներում հավաքված ունկնդիր է լինում սրբազան պատարագին։

Եվ որովհետև ձմեռվան ցրտության պատճառով բոլոր ծովակը սառած է լինում, թշնամին տեսնելով, որ կղզու բնակիչներից ոմանք անարգել անցուրդարձ են անում սառույցի վրա, ինքն ևս յուր զորքերը առաջ է վարում սառույցի վրայով։

Կղզու բնակիչները այդ տեսնելով՝ սկսում են զարհուրել․ ուստի դիմելով Հովհաննես վարդապետին, որ այդ ժամանակ բլրի գագաթի վրա ս․ Առաքելոց եկեղեցում պատարագ էր մատուցանում, խնդրում են թույլ տալ իրենց կղզու հակառակ կողմից փախչելու։ Բայց պատարագիչ վանահայրը ձեռքն առնելով Կոթա Սուրբ նշանը, պատվիրում է ժողովրդին հանդարտել և հավատով դարձնել իրենց երեսը դեպի ս. պատարագը և աղոթել։ Ապա բոլորին շտապով հաղորդելով՝ պատրաստում է նրանց կռվի և մահվան։

Այդ Ժամանակ թշնամիները իրենց փողերը հնչեցնելով հասնում են ծովակի մեջ տեղը. կղզու մեջ իրարանցում է տիրում. զենք ունեցողները առաջ են վազում, կռվել գիտցողները խրախուսում են միմյանց, բայց կանանց ու երեխայոց ճիչն ու աղաղակը երկինքն է բարձրանում։

Սակայն հենց այդ միջոցին, երբ թշնամին պոռալով դեպի կղզին է դիմում, ծովակի սառույցը ահագին ճայթումով պատառվում է և բոլոր տարածությունը ծածկող զորքերը մի րոպեի մեջ խորասուզվում են ջրերի մեջ, ինչպես երբեմն Փարավոնը յուր զորքերով։

Ժողովուրդը այսպիսի հրաշքով ազատվելուց հետո ցրվում է՝ յուր տեղերը, հարկավ ջերմեռանդ հավատ տածելով միշտ դեպի այն սրբությունները, որոնք պահվում են Սևանի հինավուրց եկեղեցիներում։