Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հովհաննես վարդապետի օրոք, Երևանի խանի հրամանով աքսորվեցավ այստեղ Ղազար կաթողիկոսը, որի փոխարեն, ինչպես հայտնի է, Այնթափցի Բյութար մականվանյալ Պետրոս եպիսկոպոսը օծվեցավ կաթողիկոս։

Հովհաննես վարդապետին Մինաս կաթողիկոսի հրամանով Սամվել վարդապետը հաջորդեց 1753 թվականին, որը դժբախտաբար մի քանի տարիներից հետո հրաժարվեցավ վանահայրությունից։

Դժբախտաբար ենք ասում նրա համար, որովհետև նրա հաջորդը Սիմեոն կաթողիկոսի հրամանով եղավ Հովհաննես անունով մի վարդապետ, որին Սևանի երախտավոր հիշատակագիրներից մեկը իրավամբ անվանում է «ցոփաբարո, արբշիռ և անփույթ ի շինությանց և ի բարեկարգությանց»։

Սրա օրոք Սիմեոն կաթողիկոսը կամենում է այցելել Սևանի անապատը։ Վանահայրը քաջ գիտենալով, որ Սիմեոն կաթողիկոսը գրասեր լինելով, պիտի հետաքրքրվի Սևանի գրատնով և պակասություն տեսած ժամանակ պիտի նախատե իրեն, ժողովում է գրատան մեջ գտնված բոլոր անկազմ, ցեցակեր և փոշոտված հնագույն գրչագրերը, տետրակները և հիշատակարանները և այդ բոլորը գիշերը թափում է ծովի մեջ, այնպես որ կաթողիկոսը գալով՝ հին ոչինչ չէ գտնում այդտեղ։ Անշուշտ այդ վանահոր այս բարբարոսությունն է պատճառ, որ Սևանի անցյալով հետաքրքրվող բանասերը հարկավոր դեպքում ստիպված է մեր պատմագիրների երկասիրությանը մեջ ցրված աննշան տեղեկությունները քրքրել, մի կողմը թողնենք դեռ Սևանի անցյալը։ Պետք է մտածել և այն՝ թե ո՞րքան ուրիշ թանկագին հին գրչագիրներ պիտի անհետացած լինին այդ թշվառականի ձեռքով, որովհետև Սևանը ի հնուց անտի հայտնի էր յուր գրատան հարստությամբ։

Այս Հովհաննես վարդապետից հետո հաջորդաբար վանահայրություն են անում Սևանում Աթանաս վարդապետ Մակվեցի, Ազարիա եպիսկոպոս Գանձասարու, Եղիազար եպիսկոպաս Գանձասարու և Գրիգոր վարդապետ Գանձակեցի, որոնք գրեթե ուշադրության արժանի ոչ մի գործ չեն կատարել այդ վանքի համար։