Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նոր էր բացվում այգն իմ կենաց,
Մտի սիրո բուրաստան,
Ուր հույլ ի հույլ դեռ թերաբաց
Փայլում էին վարդ, շուշան։
Ուր սոխակը ոլորում էր
Յուր սրտառուչ դայլայլիկ,
Ուր զեփյուռը գուրգում էր
Առվին ալիք գեղեցիկ։
Ինձ պատեցին բյուր հրապույրներ,
Գեղ և շնորհք երկնային,
Եվ հնչեցին թովիչ ձայներ
Իմ փափկազգաց ականջին։
Մանուկ սիրտս բորբոքեցավ,
Ներսս վառվեց նոր կրակ,
Զի վարդենին ինձ կախարդեց
Յուր աչերովն անուշակ։
Հափշտակյալ ու գրկաբաց
Դեպի նրան դիմեցի
Եվ թերաբաց կոկոններին
Մեղմով համբույր մատուցի:
|
|