Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սեյրանյանը արդեն նույնպես նայում էր նրան։

— «Թշվառնե՞ր»,— կրկնեց վերջապես։

— Այո... Դուք կարդացե՞լ եք։

— Ես... այո... կարդացել եմ։

— Եվ ինչպե՞ս է թվացել ձեզ։

— Ինչպե՞ս... ես այդ... կարդացել եմ «Թշվառները» և... լաց եմ եղել։

Օրիորդը ժպտաց։

— Ես էլ եմ լաց եղել,— ասաց նա։

— Եվ անկարելի է լաց չլինել... ո՞վ կարող է այս կարդալ և լաց չլինել... նրա սիրտը քար պիտի լինի։

— Եվ ո՞վ ձեզ այստեղ ավելի է զգացնել տալիս...

— Ո՞վ... Ժան Վալժանը... իսկ ձե՞զ։

— Մարիուսն ու Կոզետտը,— հանկարծ ակամայից դուրս թռավ Սեյրանյանի բերանից. նա սաստիկ կարմրեց։ Նունեն նույնպես կարմրեց և աչքերը վայր թողեց գրքի վերա։

Նույն րոպեին ներս մտավ տանտիկինը։ Սեյրանյանը, սենյակի վարձը հանձնելով նրան, կամենում էր դուրս գնալ։ Բայց նա խնդրեց նրան թեյին մնալու. Սեյրանյանը սկիզբը հրաժարվեց, բայց հետո մնաց։ Նա այլևս ոչ շփոթվում էր և ոչ ամաչում. նա հետզհետե ավելի համարձակություն էր ստանում։ Եկավ և աղա Յագոր Բուղդանիչը։ Նա շատ սիրով ընդունեց Սեյրանյանին։ Նրանք միասին թեյ խմեցին, խոսեցին երկար ժամանակ, վերջը աղա Յագոր Բուղդանիչն առաջարկեց «նարդի» խաղալ, բայց Սեյրանյանը չգիտեր. Նունեն հանձն առավ նրան սովորեցնելու։ Սեյրանյանն ամենաքաղցր տպավորության տակ ուշ գիշերը վերադարձավ տուն։ Նա պառկեց անկողնում, և նրա քունը դեռ երկար ժամանակ չէր տանում։ «Նունե՜, Նունե՜»,— շշնջում էր նա մանկական երջանկությամբ։

Եվ այսպես աղա Յագոր Բուղդանիչի տան դռները բացվեցան նրա առաջ։ Ամեն շաբաթ երեկո նրան հրավիրում էին կաթով թեյի և մինչև կեսգիշեր անց էին կացնում խոսակցությամբ կամ «լոտո» և «նարդի» խաղալով։ Նունեն և Սեյրանյանը կապվեցան միմյանց հետ այն սերտ բարեկամական կապով, որ տևում է անքակտ մինչև վերջին շունչը։ Երբեմն նրանք պարապում էին միասին։ Շատ անգամ էլ վիճաբանում