— Ոչինչ,— մեքենայաբար պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը և, վեր կենալով տեղից, մտազբաղ սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում։ Լամպարի լույսն ուղղակի ընկնում էր նրա դեմքի վերա, և նրա լույսից նրա աչքերը մի տեսակ պլպլում էին։
Բարսեղի դրությունը հետզհետե վատանում էր։ Նա զգում էր, որ անհամբերությունն ուզում է իրեն մատնել։
— Դուք հիվա՞նդ եք, աղա Գրիգոր Մոսեիչ,— վերջապես հարցրեց նա դարձյալ։
— Ո՜չ... ինձ հանգիստ թող,— նույնությամբ պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը, առանց նայելու նրան և շարունակելով ետ ու առաջ քայլել։
Այդ առաջին անգամն էր, որ նա մի այդպիսի չոր պատասխան էր տալիս յուր «որդեգրին»։
Բարսեղը դուրս եկավ նրա սենյակից և ինքն էլ չիմացավ, թե ինչպես տասը րոպեից հետո հասավ յուր փաստաբանի խրճիթը և ծեծեց դուռը, որն իսկույն ինքն իրեն ճռճռալով բացվեցավ։ Նա շտապով մտավ ներս։ Այնտեղ սաստիկ մութն էր, որովհետև ճրագ չկար վառած։
— Սարգի՛ս,— կանչեց նա։
Ձայն չկար։
— Սարգի՛ս,— կրկնեց նա։
Դարձյալ լռություն։
«Ո՞ւր է կորել անպիտանը,— ասաց նա ինքն իրեն։— Երևի դեռ չէ եկել... Բայց ինչի՞ դուռը բաց է... գնա՞մ... ո՞ւր... Ո՛չ, պետք է սպասեմ»...
Խարխափելով մթության մեջ, նա գտավ աթոռը և նստեց։ Ի՞նչ էր պատահում իրեն,— նա ինքն էլ չգիտեր, միայն նրա ուղեղը զբաղված էր մի անորոշ, մութ մտքով, և սիրտը զարկում էր մի անհամբեր ցանկությամբ, թե արդյոք ի՞նչ վախճան ունեցավ Սարգսի խոսակցությունը աղա Գրիգոր Մոսեիչի հետ։ Ժամանակն անտանելի կերպով դանդաղ էր անցնում։ Դրսից ամեն շշուկ լսելուն պես՝ նա շունչն իրեն քաշում և ականջ էր դնում, թե Սարգիսը խո չէ՞ գալիս։ Սարգիս չկար։
Խրճիթի կատարյալ մթության մեջ պատերից մինի վերա հանկարծ նա մի ինչ-որ փոքրիկ, աղոտ լույս նշմարեց։ Սկզբում նա չիմացավ, թե այդ լույսը որտեղից է, բայց հետո,