Գրիգոր Մոսեիչին յուր տնից դուրս անելը, մտածելով, որ նրա կինը, զավակները զրկված են, և դուք տարօրինակ հանգամանքների շնորհիվ ուրիշի կարողության տեր եք դառնում, ես երկյուղ եմ կրում, որ մի գուցե դյուրությամբ ձեռք բերած կարողությունը ձեր ձեռքից գնա։
— Ճշմարիտն ասեմ, այդ երկյուղը իմ մեջս էլ կա և մի տեսակ անհանգիստ եմ, ինչ անեմ, ինչպե՞ս ապահովացնեմ ձեռք բերածս։ Գիտե՞ք ինչ կա, ես ձեզ մի քանի մեծագումար պարտամուրհակներ կտամ անցյալ թվականով և եթե հարկավոր լինի, դուք կպահանջեք և իմ կարողությունս կգրավեք։
— Արդյոք չէ՞ր կարելի այդ պարտամուրհակները մի տղամարդի տայիք. ես կին եմ, մի փոքր անհարմար է, կխոսեն ինձ վերա...— խորամանկությամբ նկատեց Դարիա Կիրիլովնան։
— Ո՛չ, ես ձեզանից ավելի ո՞ւմ վերա կարող եմ վստահանալ, ասածս ասած, վերջացրած է։
Աղա Գրիգոր Մոսեիչը, յուր ընտանիքը դուրս անելուց հետո, իրեն բոլորովին հանգիստ էր զգում— նա այլևս ոչ ոքից երկյուղ չուներ թունավորվելու։ Միայն երբեմն-երբեմն նրան տիրում էր մի տեսակ երկյուղ, երբ մտածում էր, որ ինքն այլևս տեր չէ յուր կարողության, յուր հարստության, և Բարսեղն ամեն րոպե համարձակ կարող է նրան վռնդել տնից, առանց մի կոպեկ անգամ տալու նրան։ Այդ երկյուղը հատուկ է յուրաքանչյուր մարդու, որ առանց մտածելու մի որևիցե գործ բռնելուց հետո, սկսում է փոքր առ փոքր ուշքի գալ։ Աղա Գրիգոր Մոսեիչն ակամայից անձնատուր էր լինում այդ մտածությանը, ինքն էլ չհասկանալով, թե ինչ է պատահում իրեն. միայն նա զգում էր, որ սիրտը սաստիկ ծանրանում էր, աչքերը մթնում էին և թեթև կերպով սկսում էր դողալ... Հանկարծ վեր էր թռչում տեղից և սկսում էր ինքն յուր վերա ծիծաղել, որ այդպիսի հիմար մտքերին անձնատուր էր լինում։ Նա սկսում էր հավատացնել իրեն, որ Բարսեղն ավելի շուտ ինքնասպանություն կգործե, քան մի