Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ որ կար, էլ չի լինելու, անցյալն է՛լ չի դառնալու։ Վա՜յ նրան, ով տեր չունի։

Երկու եղբայրներիս անգործ մնալը՝ մեր այս թշվառության ժամանակ՝ սաստիկ մտատանջություն է պատճառում մանավանդ Գրիգորին։ Էլ ոչ մի հանդիմանություն, ոչ մի նախատինք չի մնում, որ չթափի նրանց գլխին, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում ոչ նրա և ոչ ինձ ու մորս վրա, երբ մենք նույնպես սկսում ենք հանդիմանել, հորդորել, խնդրել, որ նրանք թողնեն իրենք պակասությունները և մի գործի կանգնեն։

Երեկ մտա Գրիգորի սենյակը։ Նա այնտեղ չէր, բայց հարևան սենյակից լսեցի նրա ձայնը. խոսում էր Արշակի և Գարեգինի հետ.

— ...մի՞թե գոնե ամոթ, պատկառանք չունեք,— ասում էր նա։— Ախր մինչև ե՞րբ պիտի այդպես ման գաք... Տեսնում եք, էլի, թե հետզհետե մեր վիճակն ի՛նչ է դառնում. օր կգա, որ դուք այստեղ հացի կտոր անգամ չեք գտնիլ, որ ուտեք։ Գոնե ձեզ համար, ձեր փորի համար աշխատեցեք... Եվ ի՞նչ հուսով եք այդպես անում։

— Մի վախի, աշխարհիս երեսին ոչ ոք քաղցած չի մեռնի,— լսեցի մեծ եղբորս ձայնը, որին հետևեց երկար հորանջում։

— Եվ առանց ամոթի՞,— նկատեց Գրիգորը։— Եվ դու ընդունակ կլինես ծանոթներիդ, բարեկամներիդ, թեկուզ հենց բոլորովին անծանոթ մարդկանց պարզել ձեռքդ ողորմություն խնդրելո՞ւ... Հա՞։

— Դեհ, շատ պետք է զահլա տանե՞ս,— բարկացած գոռաց Արշակը։— Եթե սիրտդ շատ է այրվում ծնողներիդ և քրոջդ համար, կարող ես ինքդ աշխատել։

Դեռ կարճ ժամանակ լռություն տիրեց, հետո լսվեց Գրիգորի չոր հազը։

— Դու այնքան չես մտածում, որ եթե ես,— չեմ ասում քեզ պես, փոքր-ինչ առողջ լինեի, բանն երբեք այնտեղ չէի հասցնի, որ իմ այդ պարտականությունը դու ինքդ հիշեցնեիր,— հանդարտ ձայնով պատասխանեց նա, երբ հազը կտրեց։— Բայց, դժբախտաբար, այո՛, դժբախտաբար, ես ստիպված