Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աթոռը նախքան նստելը դուրս պիտի քաշեին տակից։ Զարմանալի կենսունակ, շարժուն աղջիկ էր։

— Ես շատ եմ հետաքրքրվում, թե ինչպես է պարապում եղբայրս։ Անշուշտ շատ է տանջում ձեզ, չէ՞։

Ես միայն ժպտացի և գլխով դրական շարժում արի։

— Ես այդպես էլ գիտեի։ Այս անպիտանը... Ա՜խ, դուք կանգնա՞ծ մնացիք,— հանկարծ բացականչեց նա, վեր թռավ և սկսեց աչքը ման ածել սենյակի չորս կողմը։

Ես շտապեցի դեպի նստատեղը փոս ընկած աթոռը, որը ձգել էի մի անկյուն և չէի գործածում իր անպետքության պատճառով, մոտ բերի, բայց չնստեցի, վախենալով ծիծաղելի դրության մեջ ընկնեմ։

Այդ նկատեց նա։

—Ո՞վ է տվել ձեզ այդ աթոռը,— ասաց։— Այդ ի՞նչ խայտառակություն է։ Տվեք տանեմ փոխեմ։ Իր աթոռն ինձ տվեց, անպետքը դուրս տարավ և, երկու րոպե չանցած, ներս բերեց մի նորը, որի վրա կարելի էր համարձակ նստել։

— Այժմ կարող եք շարունակել,— ասաց։— Ես ձեզ չեմ խանգարի։

Ու զարմանալի սուսուփուս նստեց։

Դասի կեսը պատմել վերջացրել էի նրա մտնելուց առաջ և այժմ, փոխանակ շարունակելու, չգիտեմ ինչու, սկսեցի սկզբից։ Բայց այդ սկիզբն սկսել էի անվստահ կերպով, բառերն արտասանելիս դանդաղում էի, լեզուս, կարծես, կապ էր ընկնում, կարծես այդ անպիտան աղջիկն եկել նստել էր դիմացս ոչ թե նրա համար, որ տեսնի, թե ինչպես է սովորում եղբայրը, այլ նրա համար, որ ստուգի, թե ինչպես եմ պարապում, ի՞նչ գիտեմ ես։ Բայց հետո, մի քիչ որ վարժվեցի նրա ներկայությանը, կամաց-կամաց սիրտ առա և հետզհետե ոգևորվեցի ոգի ու շունչ տվող այն քաղցր ու քնքուշ զգացման ազդեցության տակ, որ ներշնչել էր ինձ այդ աղջիկն հենց սկզբից և որն այժմ սկսեց ուժգին թափով ջերմացնել սիրտս նրա մոտիկության շնորհիվ։

Դասախոսությանս ժամանակ առերևույթս եղբոր հետ էի, բայց ամբողջ ուշք ու միտքս քրոջ կողմն էր։ Թեև չէի նայում նրան, բայց զգում էի, որ նա մոռացել է, թե ինչի